04 05 2020

Եթե պարզվի՝ Լավրովը ճիշտ էր, Փաշինյանին պետք է ուղարկել Իջևան․ Արտակ Զաքարյան

Եթե պարզվի՝ Լավրովը ճիշտ էր, Փաշինյանին պետք է ուղարկել Իջևան․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական դիմանկարի փորձ՝ երկու տարի անց

Նիկոլ Փաշինյան. լրագրող, քաղաքական գործիչ: Վաղ երիտասարդ տարիքում իր անձով ու քաղաքական հայացքներով հանրությանը հայտնի չի եղել, բայց իր կարծիքով ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով: Մի շարք թերթերում զբաղվել է լրագրությամբ: 13 տարի (որից փաստացի 1,5-ը թաքնվել է ընդհատակում, և մոտ 2-ը՝ անցկացրել ազատազրկման վայրերում) եղել է թերթերից մեկի գլխավոր խմբագիր: Լավ լրագրող էր, թե՞ վատ՝ առ այսօր տրամագծորեն հակառակ կարծիքներ են հնչում: 2008թ. մարտի 1-ին եղել է բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկն ու գլխավոր ցուցարարը: Դատապարտվել է, և 2011թ. իշխանությունների կողմից համաներմամբ ազատ է արձակվել: Թոմաս Համարբերգն ու Human Rights House հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին համարել են քաղբանտարկյալ:

2012-17թթ. եղել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2017-18թթ. եղել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար: Խորհրդարանական տարիներին ԱԺ ամբիոն է տեղափոխել և զարգացրել լրատվական հարթակներում մինչ այդ իրականացված քննադատական բուռն գործունեությունը: Քննադատել է նախկին իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական գրեթե բոլոր նախաձեռնությունները: Քննադատությունները չի հիմնավորել գաղափարական հակադրություններով և հանդես չի եկել այլընտրանքային առաջարկություններով: Փոխարենը՝ առաջնորդվել է հնարավորինս պոպուլյար լինելու մղումով:

Սակայն այդ մարտավարությունը մեծ դիվիդենտներ չի բերել, ինչն ակնհայտ է եղել 2017թ.-ին ԵԼՔ դաշինքի ինտենսիվ քարոզչության արդյունքում հավաքած ցածր տոկոսներով: Դրանից մեկ տարի անց, 2018թ. մարտի 31-ին սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը հանգեցրել է իշխանափոխության: Իշխանափոխության իրական պատճառների մասին՝ մտածող մարդկանց մոտ դեռևս չպարզաբանված հարցեր են մնում, իսկ չմտածող մարդիկ դեռ հավատում են, որ տեղի է ունեցել հեղափոխություն:

2018թ. մայիսի 8-ին, ինքնահռչակման եղանակով, Նիկոլ Փաշինյանն առաջադրվում է «ժողովրդի թեկնածու», որից հետո, հոգեբանական և տեղեկատվական տեռորի ենթարկված ԱԺ-ն ընտրում է ՀՀ վարչապետ: 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ադյունքում նշանակվում է ՀՀ վարչապետ: Նշենք, որ մեր վարչապետը համազգային նշանակության որևէ ձեռնարկի, հայ ժողովրդին պատիվ բերող որևէ գործողության, հայ ժողովրդի հպարտությունն ավելացնող որևէ տիպի ստեղծագործության հեղինակ չէ: Չի պայքարել համազգային խնդիրների համար, այլ բացառությամբ սեփական իշխանության:

Դատելով գործունեությունից, մեր հերոսը շուրջ 20 տարի շարունակ ձգտել է իշխանության: Այդ ընթացքում ջանացել է իր հետ կատարված տարբեր իրադարձությունները քողարկել հալածյալի ու քաղբանտարկյալի յափնջիով: Տարիներ շարունակ, անկախ կարգավիճակից՝ քաղաքական և տեղեկատվական “շուկա է դուրս բերել” չհիմնավորված ու կեղծ քաղաքական “ապրանքներ” (օդում կախված լուրեր, քաղաքական ելույթներ, մեղադրանքներ և այլն): Որի արդյունքում հավատավոր և միամիտ հասարակության մոտ առաջ է բերել բարեխիղճ մոլորություն:

Ըստ նրա՝ նախկին իշխանությունները թալանչի են, քրեաօլիգարխիայի վրա հենված, ծախու և կոռումպացված են: Ըստ նրա արտաքին քաղաքականությունը չէր բխում Հայաստանի շահերից: Ըստ նրա՝ տնտեսությունը կենտրոնացված էր մի քանի կլանների ձեռքում: Ըստ նրա՝ գողացվում էին թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը: Ըստ նրա՝ նախկինները ձախողում էին նույնիսկ Արցախի հարցը, իսկ բանակը թալանել էին ու թուլացրել պաշտպանունակությունը: Ըստ նրա՝ ոտնահարվում էին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: Մի խոսքով ամեն ինչ հանցագործության աստիճանի վատ էր:

20 տարի շարունակ Փաշինյանը, քաղաքացիների ականջները խցանած այս ֆեյք տեղեկատվական «ապրանքը վաճառում էր» բոլոր հնարավոր ամբիոններից: Մարդիկ հավատում էին, և առ այսօր էլ դեռևս կան բարեխիղճ մոլորյալներ: Ցավալին այն է, որ նրանցից շատերն առանց խոստովանելու՝ հայտնվել են Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»վեպի հերոսներից մեկի դերում ( «…Բայց հիմա ես ի՞նչ ապուշ եմ, երբ հասկանում եմ, որ ինձ ապուշի տեղ են դնում»):
2018-2020թթ-ին, ընդամենը երկու տարվա ընթաքում, վարչապետ դարձած Փաշինյանի 20 ամյա «աշխատանքը» ջուրն է լցվում կամ հօդս է ցնդում: Ինչո՞ւ: Որովհետև,

1. Կոռուպցիան բացահայտելու համար առ այսօր չկան օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներ: Իսկ քանի դեռ այն չկա, մարդն անմեղ է, և նրան հրապարակային մեղադրելը՝ զրպարտություն է:

2. Քրեաօլօգարխիայի դեմ Փաշինյանի «պայքարը» ևս թարս է բուսնել: Ավելանում են սպանությունները և քրեածին այլ երևույթները:

3. Արտաքին քաղաքականության մեջ նախկինում արված մեղադրանքները հօդս ցնդեցին իշխանափոխության առաջին օրից սկսված, իսկ հետագայում նաև պարզվեց, որ վարչապետն ու իր թիմը ընդհանրապես տեսլական չունեն արտաքին քաղաքականության մեջ:

4. Արցախի հարցում մանրամասնությունների կարիք չկա, քանի որ եթե պարզվի, որ Լավրովը ճիշտ էր, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է ուղակի ուղարկել Իջևան:

5. Թոշակների, աշխատավարձերի և նպաստների հարցում առայժմ էական աճ է արձանագրվել պաշտոնյաների և իշխանական թիմի համար: Պարգևավճարներ, որոնք ոչ մի բանի համար տրվում են պետական բյուջեից: Մարդը պարգևավճար կամ հավելավճար է ստանում, ու չգիտի թե ինչի համար:

6. Երկու տարվա ընթացքում տնտեսության ապակենտրոնացում, ոլորտներում նոր դերակատարների ի հայտ գալ, կամ նոր ներդրումներ ուղակի չեղան, հետևաբար կլանային տնտեսության մասին մեղադրանքները ևս կեղծ էին ու անլուրջ:

7. Նախկինների կողմից բանակը թալանելու, մարտական գործողությունները ձախողելու մասին Փաշինյանի երկարամյա աշխատանքը ևս ֆարս դուրս եկավ: Այս միֆը հոգեբանական մեծ վնաս էր հասցնում թե բանակին, թե նախկին իշխանություններին: Իշխանափոխությունից հետո շատ քիչ բան է փոխվել բանակում: Պաշտպանական քաղաքականության և սպառազինության առումով շարունակվում են նախկինում սկիզբ առած գործընթացները:

8. Մարդու իրավունքների խախտումների և խոսքի ազատության մասին նախկին քննադատությունները իշխանափոխությունից հետո դարձել են բնորոշ հենց Փաշինյանին: Մասնագետների համաձայն, ներկայումս իրավունքների խախտումները նույնիսկ օրենքի մակարդակով են արվում, իսկ խոսքի ազատության սահմանափակումները՝ իշխանական ֆեյքերի մակարդակով: Ֆեյքային բանակն ամենաստոր վիրավորանքներով է արձագանքում իշխանությանը քննադատող ցանկացած խոսք: Կան հիմնավոր կասկածներ, որ դա արվում է պետբյուջեի միջոցների հաշվին:

Փաշինյանի ինքնահակասությունների շարքը բազմազան է: Այսօրվա հայտարարությունը մեկ շաբաթից կարող է բոլորովին այլ հայտարարության վերածվել:

Սա հակիրճ նկարագրությունն է մի քաղաքական գործչի, ով լրագրող-պատգամավոր-վարչապետ եռանկյունում խճճվել է, խճճելով նաև ամբողջ հասարակությանը: Քաղաքական կյանքում նման դեպքեր քիչ են պատահում: Դա հնարավոր է միայն գաղափարական ուղղվածություն չունեցող և քաղաքական սկզբունքներ չհետապնդող գործիչների մոտ, ովքեր կարող են 180 աստիճանով շեղվել նույնիսկ ամենասկզբունքային քաղաքական հարցերում: Իսկ արդյո՞ք այդ դեպքում հնարավոր է ստանալ քաղաքական դիմանկար: Ցավոք, ո՛չ: Նման գործիչները սովորաբար ցանկանում են ապրել հասարակության էմոցիաների հաշվին, իսկ հասարակությունը դա երկար չի հանդուրժում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ