Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության ժամկետները երկարաձգվել են մինչև հունիսի 15-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Մարտի 15-ից մինչև հունիսի 15-ը կասեցնել ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետների լրանալը։ Ինչպես նաև այն ժամկետների, որոնց ընթացքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բնակության վայրի հասցեով հաշվառման են կանգնած կամ գրանցված են բնակության վայրում, սակայն նշված ժամանակահատվածում նման ժամկետները լրանում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում մինչև հունիսի 15-ը գործատուները կարող են որպես աշխատակիցներ օտարերկրյա քաղաքացիների ներգրավել, որոնք չունեն աշխատանքի թույլտվություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը