Tert.am-ը գրում է․ «Նախ` ուզում եմ շնորհավորել Վազգեն Մանուկյանին՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ: Վազգեն Մանուկյանը մի քանի ամիս է՝ մտածում էր հրաժարականի մասին, սակայն լինելով պետականամետ մարդ, նա կարծում էր՝ Հանրային խորհուրդը կարծիքների հավաքման վայր է»,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:Նրա դիտարկմամբ՝ Վազգեն Մանուկյանին թիրախավորելով՝ թիրախավորել էին Հանրային խորհուրդը, և Վազգեն Մանուկյանն իր հրաժարականը ներկայացրեց, որպեսզի խորհուրդը չտուժի: Նա հիշել է նաև Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի, ինքը չէր պատկերացնի, որ ինչ-որ դասալիքներ մի օր կպահանջեն իր հրաժարականը:Հարցին՝ հնարավո՞ր է՝ իշխանությունը վտանգ էր տեսնում Վազգեն Մանուկյանից՝ կարծելով, որ վերջինիս շուրջը հնարավոր է համախմբում լինի ու ընդդիմադիր բևեռ ձևավորվի, Հակոբյանը պատասխանել է. «Էս իշխանությունը վտանգ է տեսնում Գևորգ Պետրոսյանից, Վարդան Ղուկասյանից, Անի Զախարյանից, որը շատ բնական է, քանի որ իշխանությունը չգիտի՝ ինչ պետք է անի»:
Անդրադառնալով վերջին օրերին ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտին, «Իմ քայլ»-ական ու «ԲՀԿ»-ական պատգամավորների փոխադարձ մեղադրանքներին, քաղաքական մեկնաբանն ասել է. «Ադրբեջանում հավաքվում են թրքալեզու պետության ներկայացուցիչները, Ալիևը հայտարարում է Երևանում սուրճ խմելու մասին, այսինքն՝ ունենալով այսպիսի լուրջ հարցեր, քաղաքական մեծամասնությունն անհաղորդ է՝ ինչ է կատարվում պետության հետ»: Ռուբեն Հակոբյանը նշել է, որ սրա արդյունքն այն է, որ իշխանությունը չունի օրակարգ կամ ծրագրեր:Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ու հայտարարություններից՝ Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ Լավրովի հայտարարություններում շատ լուրջ մեսիջներ կային. «Հինգ րոպեում Լավրովը ցիտեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, մասնավորապես այն, որ Արցախի խնդիրն այնպես պետք է լուծվի, որ ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Որովհետև այս հայտարարությունում լուրջ մանևր կար, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի անգամ այսպիսի բան էր ասել, իսկ Արցախում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ»:
Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Լավրովն իրականում մեծ պաշարով ու ուրիշ նպատակով էր եկել Հայաստան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը