168.am-ը գրում է․ «Սեպտեմբերի 30-ին Հայաստանում մեկնարկել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող միջազգային համաժողովը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը տեղի ունեցող համաժողովն անցկացվում է պանելային քննարկումների ձևաչափով: Եվրասիական միջոցառմանը մասնակցում և որպես խոսնակ հանդես են գալիս ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, նախարարները, բիզնես համայնքը և այլք:
Հոկտեմբերի 1-ին նախատեսվում է 7 ղեկավարի մասնակցություն համաժողովին: Բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, համաժողովի եզրափակիչ նիստին մասնակցելու են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը,Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
«168 Ժամը» համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հետ զրուցեց հայ-ռուսական հարաբերությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:
– Պարոն Գլազև, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերություններն այն քաղաքական փոփոխություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում:
– Մեր հարաբերությունները դարեր են շարունակվում, և նաև՝ որպես ռազմավարական գործընկերություն, վստահ եմ, որ ոչ մի քաղաքական ցնցում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, չեն կարող խաթարել այն դարավոր բարեկամության սկզբունքները, փոխըմբռնումը, որը մեր ժողովուրդների միջև ձևավորվել է: Մենք, բնականաբար, անհանգստանում ենք բոլոր այն իրադարձությունների համար, որոնք Հայաստանում տեղի են ունենում, և ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում կայունություն, բարգավաճում լինի, ձգտում ենք ձևավորել ավելի շատ համատեղ պրոյեկտներ, և դա իրականացվում է՝ անկախ որևէ քաղաքական կոնյունկտուրայից:
– Նշեցիք, որ հետևում և անհանգստանում եք հայաստանյան զարգացումների համար: Ինչպիսի՞ գործընթացներ եք նկատում Հայաստանում:
– Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանում կայունություն լինի, և քանի որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ԵՏՄ լիարժեք անդամը, մենք բոլոր որոշումները կայացնում ենք կոնսենսուսային սկզբունքով, և այդ փոխադարձ վստահությունը, որը ձևավորվել է դարերով, ևս մեկ անգամ կրկնեմ, շատ կարևոր է պահպանել, քանի որ բավական է, որ ԵԱՏՄ մեկ երկիր հետ կանգնի մեր ընդհանուր եվրասիական գործընկերության գաղափարից, նույն պահին սկսվում են «արգելակումներ»: Շատ կարևոր է պահպանել փոխըմբռնումը, երկարաժամկետ գործընկերությունը, մեր բոլոր կողմերի կանխատեսելիությունը, և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր շահերը մշտապես գերիշխող կլինեն տարաձայնությունների նկատմամբ:
– Որքանո՞վ է ՀՀ նոր իշխանությունը կանխատեսելի ՌԴ-ի համար: Դուք տեսնո՞ւմ եք տարաձայնություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև վերոնշյալ փոփոխություններից հետո, քանի որ Հայաստանում այդ թեման ակտիվորեն քննարկվում է:
– Ամեն դեպքում, Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացում ամեն ինչ ընթանում է՝ ըստ ծրագրի: Հայաստանի ներկայացուցիչ և ԵԱՏՄ նախագահող Տիգրան Սարգսյանն ակտիվորեն աշխատում է, այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվել, մենք առաջնորդվում ենք այն ռազմավարական փաստաթղթերով, որոնք ավելի վաղ հաստատվել էին: Ուստի, եթե խոսենք Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին, ապա այստեղ ամեն ինչ ընթանում է հարթ: Եվ շատ ուրախ եմ, որ Եվրասիական հանձնաժողովի աշխատանքը կախված չէ քաղաքական իրադարձություններից, ցնցումներից, իսկ դա խոսում է այն մասին, որ կողմերը տարանջատում են տնտեսությունը՝ որպես կայունության գոտի, որտեղ պետք է պահպանել երկարաժամկետ գործընկերություն՝ փորձելով անփոփոխ թողնել կուրսը՝ ինտեգրացիայի խորացում, կապերի ընդլայնում, ավելի շատ համատեղ ընկերություններ, համատեղ ներդրումներ: Ուստի այստեղ փոփոխություններ չկան, ամեն ինչ ընթանում է՝ ըստ նախնական պլանի:
– Պարոն Գլազև, բելառուսական կողմն առաջարկում է գազի միասնական ԵԱՏՄ շուկա: Ձեզ հայտնի է, որ ներկայումս Հայաստանը բանակցում է գազի գնի շուրջ, և կան կասկածներ, որ նոր տարիֆն ավելի բարձր է լինելու: Ի՞նչ է Ձեզ հայտնի այս հարցի մասին, և ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը միասնական գազային շուկայի հեռանկարների վերաբերյալ:
– Այդ խնդիրը դրված է Մաքսային միության ձևավորման առաջին իսկ օրվանից: Այն ժամանակ, երբ ձևավորվեց Եվրասիական տնտեսական միությունը, և, երբ դրան միացավ Հայաստանը, միացյալ գազային շուկայի ձևավորման հարցին որոշվել էր վերջնական լուծում տալ մինչև 2024 թվականը: Ես վստահ եմ, որ մինչ այդ ժամկետը բոլոր հարցերն արդեն իսկ լուծված կլինեն: Նման շուկայի, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, նավթի ձևավորման համար արդեն կա կառուցվածք, կա ընկալում, թե ինչպես ձևավորել այդ շուկան:
Կարող եմ միայն ասել, որ տարիֆային քաղաքականությունը, որը ձևավորվում է ԵԱՏՄ-ում «Գազպրոմի» մասնակցությամբ, արտացոլում է այն միտումները, որոնք Ռուսաստանում են տեղի ունենում: Դուք գիտեք, որ Ռուսաստանում ևս տարիֆները տեղում չեն դոփում, տեղի են ունենում փոփոխություններ, և գազային շուկայի ձևավորման ընդհանուր սկզբունքը հավասար շահույթի ստացման սկզբունքն է: Այսինքն՝ եթե տարիֆները բարձրանում են Ռուսաստանում, դժվար է պատկերացնել, որ դրանք չեն աճի Եվրասիական տնտեսական միությունում: Ուստի այստեղ դոմինանտ դիրքեր ունեցող ռուսական շուկայում գնագոյացման գործընթացներն առանցքային դերակատարություն ունեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը