31 07 2019

Քոչարյանի առաջարկած բանաձևն ընդդիմության կոնսոլիդացման միակ բանաձևն է․ կարծիք

Քոչարյանի առաջարկած բանաձևն ընդդիմության կոնսոլիդացման միակ բանաձևն է․ կարծիք

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը գրում է․

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում, քաղաքական դաշտի և հետագա զարգացումների վերաբերյալ բաց էլ է մի շարք փակագծեր: Քոչարյանը, թերթին տված հարցազրույցում, անդրադարձել է իր իսկ կողմից ասված «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի իրագործմանը և աշնանը սպասվող քաղաքական զարգացումներին:

«Գոլոս Արմենիի» թերթի հարցին՝ թե որքա՞ն երկար է ինքը հետևելու սպասողական մարտավարությանը, և ո՞ր պահին կհայտարարի ընդդիմության կոնկրետ ձևաչափի իր պատկերացումների մասին, որի խնդիրը լինելու է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի ստեղծումը, Քոչարյանը պատասխանել է՝ «Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»։

Ըստ երևույթի՝ Քոչարյանը ներկայացրել է ընդդիմության ձևավորման ցանցային մեխանիզմի մասին իր մոտեցումը, որը դասական քաղաքագիտական նորմերի ամենարդյունավետ գործիքակազմերից մեկն է: Ստացվում է, որ այս պահին Քոչարյանի առաջարկած բանաձևը համարվում է ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման միակ բանաձևը, և որ հնարավոր է աշնանը արդեն իսկ ձևավորված ընդդիմադիր կենտրոնների միավորմամբ հասնել Արտահերթ ընտրությունների: Երևի թե մեկ տարի առաջ որևէ առողջ քաղաքական դատողությունների տեր մարդկանց մտքով անգամ չէր անցնի, որ քաղաքական դաշտում կսպասվեր նմանատիպ զարգացումներ:

Իհարկե, Քոչարյան պետական գործչի ֆենոմենը օգնում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացմանը, սակայն գործընթացին առավելապես նպաստում է Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, մեր ավանդական արժեքներին ոչ հարիր օրենսդրական նախաձեռնությունների առաջ քաշումը, դատաիրավական համակարգում տեղի ունեցող արատավոր երևույթները, միջազգային հանրության կողմից տրված գնահատականները և Նիկոլ Փաշինյանի ոչ պետականամետ մտածելակերպը:

Թերևս Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն չնպաստեցին հասարակության մեջ սիրո և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, այլև ընդհակառակը՝ առավելագույնս նպաստեց հասարակության բևեռացմանը, վենդետայի, սեփականաշնորհման վերաբախշման գործընթացի, միահեծան իշխանության, քաղաքական հետապնդումների։ Ահա այս մոտեցումներով պայմանավորված՝ հասարակությունը ժամանակից շուտ չափից դուրս օտարանում է թավշյա իշխանությունից: Ի՞նչ հետագա զարգացումների ականատես կլինենք ընդամենը ժամանակի հարց է, բայց որ թափանիվը սկսել է արագանալ և աշունը քաղաքական առումով թեժ է լինելու, արդեն աներկբա է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ