03 07 2019

ՀՀ-ն մշտապես խոսել է խաղաղության և բոլորի համար ընդունելի լուծման դիրքերից․ ԱԳՆ խոսնակ



Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե «Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս», լրագրողների հետ ճեպազրույցում արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․ «Եթե նկատել եք` այդ հայտարարության մեջ «բովանդակային բանակցություններ» եզրույթը կիրառվում է նման բանակցությունների համար մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության համատեքստում, ինչը նշանակում է, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել նման միջավայրի ձևավորման ուղղությամբ: Այս գործընթացում առաջնահերթը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է, այդ թվում՝ ռիսկերի նվազեցման, միջադեպերի հետաքննության և դրանց արձագանքման մեխանիզմների ներդրման միջոցով: Սա ամրագրվել է Դուշանբեի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Մենք նշել ենք, որ դրանք մեզ համար շարունակում են մնալ առարկայական: Ինչ վերաբերում է Դուշանբե պլյուսին, ապա մենք նշել ենք, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրադրության և լարվածության թուլացմանը և վերադարձին այն իրավիճակին, որը հնարավոր էր եղել ձևավորել Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում, երբ հաստատվել էր օպերատիվ կապ, որը միջադեպերի կանխարգելման ու դրանց արձագանքման տարրեր էր պարունակում, ուստի այժմ անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, այսինքն՝ նաև հրադադարի ռեժիմը: Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում: Վտանգավոր ենթադրություն է, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո: ՀՀ-ն մշտապես խոսել է խաղաղության դիրքերից և բոլորի համար ընդունելի լուծման, բայց սա չի նշանակում, որ խաղաղության համար Հայաստանը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը: Ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է և չի համապատասխանում իրականությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ