28 06 2019

Քաղաքապետարանի խոսնակը «փայլել» է բառապաշարով

Քաղաքապետարանի խոսնակը «փայլել» է բառապաշարով

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան քննարկման ժամանակ իրեն ոչ կոռեկտ արտահայտություն էր թույլ տվել։ Ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթևեկության արագությունը սահմանափակելու առաջարկի վերաբերյալ քննարկման ժամանակ նա նշել էր․ «Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե արդյոք ինչ-որ անուս ու թեթևամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ այն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր»:

Քաղաքապետարանի խոսնակն ափսոսանք է հայտնել իր կողմից թույլ տված արտահայտության համար: Ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Մամուլում և համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ: Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթևեկության արագությունը սահմանափակելու առաջարկին:

Որպեսզի պարզ լինի կոնտեքստը, լուսանկարներում մեջբերում եմ քննարկման կարևոր մասը, որտեղ շեշտել եմ, որ արագությունը նվազեցնելու հարցում ամենակարևորը մարդկանց կյանքերը փրկելու փաստարկն է, և դրա դիմաց խցանումներին ու երթևեկության անհարմարությանը վերաբերող մնացած փաստարկները երկրորդական են դառնում: Ցավում եմ, որ այս հատվածը դուրս է մնացել թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումների մեծ մասից:Այնուհանդերձ, կարծում եմ, որ ցանկացած պարագայում հանրային քննարկումների ժամանակ պետք է հնարավորինս մնալ կոռեկտ բառապաշարի սահմաններում:

Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ ինքս դուրս եմ եկել այդ սահմաններից: Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարևորությամբ և ոչ երբեք՝ ընդդիմախոսի նկատմամբ հարգանքի պակասից:

Կրկնակի ավելի եմ ցավում, եթե խնդրահարույց արտահայտության պատճառով տուժում է բովանդակային քննարկումը, որովհետև քաղաքապետի առաջարկը հենց այդպիսի քննարկման մեկնարկը դնելու խնդիր է ունեցել:

Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երևանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարևոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որևէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է քննարկել դա՝ առանցքում դնելով հենց այդ նպատակը:Հայաստանում ճանապարհային պատահարների հետևանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ