29 05 2019

Ականներ պետության տակ. Panorama.am

Ականներ պետության տակ. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

«Վերջին շրջանում իշխանությունների մատուցմամբ կատարված իրադարձությունների անհամատեղելիությունը   պետական մտածողության հետ՝ եզրահանգել է տալիս, որ վերևներում կամ անամոթացել են «մեր դեմ խաղ չկա» աստիճանի, կամ էլ զգալով իրենց (վարկանիշի) մոտալուտ զրոյացումը՝ աջ ու ձախ ականներ են շարում պետության տակ։   Բոլոր այդ ականները պայթելու են տարբեր ժամկետներում։ Բայց մեծ հարց է՝ արդյոք հենց այդ ականները տեղադրողներն իրենք իրենց չեն պայթեցնելու սեփական չիմացության և դիլետանտության հետևանքով։

Որպես սխալ դրված ականի օրինակ հիշենք դատարանները շրջափակելու վարչապետի մայիսի 19-ի կոչը, որը   հնչեց կիրակի՝ կեսգիշերին մոտ, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան 1100 նվիրյալ պաշտոնյա-պատգամավոր արգելափակեցին դատարանների մուտքերը։ Այսքանը ողջ Հայաստանը տեսավ, և դատելով կոչին արձագանքածների փոքր քանակից՝ ժողովուրդը չաջակցեց երկրի ղեկավարին։ Տեսավ նաև ողջ աշխարհը, և դատելով տարածված բազմաթիվ հայտարարություններից՝ ապշած են հայաստանյան զարգացումներից։ Ամսի 20-ից սկսած մեր մամուլը ողողված է եվրոպական կառույցների, միջազգային կազմակեպություների, դեսպանների, ռուսական և արևմտյան պարբերականների արձագանքներով, որոնց ընդհանրականը   գնահատականը հանգում է հետևյալին՝   վարչապետի կոչը մտահոգիչ է, դատական բարեփոխումներ անհրաժեշտ են, բայց պետք է հարգել օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը։ Իշխանություներն, իհարկե, փորձում են դրական շեշտադրումներով ներկայացնել հայտարարությունները՝ չխորշելով անգամ սխալ թարգմանություններից ու մեկնաբանություններից, բայց միևնույն է՝ դրանից   ոչ իրականությունը կփոխվի, ոչ էլ երբևէ այս հիվանդագին կոչը կանհետանա Փաշինյանի կենսագրությունից։ Իսկ այդ կենսագրության մեջ սևեռուն գաղափար է դարձել վրեժխնդրությունը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչը նկատում են անգամ միջազգային ԶԼՄ-ները ՝ դատարանները շրջափակելու վարչապետի կոչը կապելով նախորդ օրը՝ մայիսին 18-ին ՀՀ երկրորդ նախագահի կալանքից ազատման հետ։

Դժվար է չհամաձայնվել Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկու հետ, ում կարծիքով՝ «Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի և հեղափոխության ղեկավարի տարբերությունը» ( Aravot.am 28․05․2019թ):

Անշո՛ւշտ։ Եթե հասկացած լիներ, հերթական անգամ չէր խախտի սահմանադրական կարգը՝ բացահայտ ճնշում գործադրելով դատական իշխանության վրա։ Հեռու չէ այն օրը, երբ ճակատագրի հեգնանքով, Փաշինյանն ինքն է պատժվելու նույն այն հոդվածով, որը 10 ամսից ավել համառորեն ուզում է փակցնել Քոչարյանին։   Դատարանների շրջափակման ակցիան սահմանադրական կարգի տապալում է, հակապետական քայլ, ինչն անհետևանք մնալ չի կարող։ Արդյո՞ք հենց դա հասկանալով չեն արագացնում անցումային արդարադատութան ներմուծումը՝ ստեղծելու համար իրավական քաոս, որտեղ տեղերով փոխված կլինեն մեղավորն ու անմեղը, որտեղ նշանակված մեղավորներն անգամ իրենց պաշտպանելու իրավունքից զրկված կլինեն։

ԱԺ ամբիոնից Արարատ Միրզոյանի բարձրաձայնած միտքը ՝ թե անցումային արդարադատությունը «եռյակ դատարան» չի լինելու՝ մատնում է, որ հենց դա էլ մտքում ունեն։ Խանգարո՞ւմ է օրենքը՝ կփոխեն․․․ գրեթե ողջ օրենսդիր մարմինը քայլողներից է բաղկացած։ Խանգարո՞ւմ է Սահմանադրությունը՝ հոգ չէ․ մեկ-երկու իրավաբան (Նիկոլայ Բաղդասարյանի կամ Վահե Գրիգորյանի կարգի)   լղոզած բառախաղերով կներկայացնեն ձեռնտու մեկնաբանություններ ․․․ ժողովուրդը հո շատ չի հասկանում իրավաբանական նրբություններից։

Այ, պրոբլեմը դատավորներն են, որ դիմադրում են համատարած ենթակայությանը։ Այստեղ էլ օգնության է հասնում «վեթինգ» կոչված մահակը․․․ Բայց մի շատ կարևոր ու հսկայական խոչընդոտ կա լավ դատավորներին թրի տակով անցկացնելու հարցում՝ նրանք հիանալի գիտեն օրենքները և առնվազն իրենց կարող են պաշտպանել։ Դա է վկայում մայիսի 27-ին   Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը, որտեղ յուրաքանչյուր կետում նշված է օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը։ Հայտարարությունը եզրափակում է կարևոր մի ամրագրում՝ «Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»: Պարզ ասած՝ բոլորին վախեցնել չի ստացվի։ Ենթադրենք մի քանի դատավոր հրաժարական տվեց, մի քանիսն էլ «վեթինգը» չանցան, մեծ հաշվով էական ոչինչ չի փոխվելու մի պարզ պատճառով՝ բոլորը հասկանում են, որ այս իշխանությունները հեռանալու ճամփին են․․․Նրանք սպառված են, և իրենց հավատաքննչական մեթոդներով քչերին կարող են վախեցնել, առավել ևս մի ողջ դատական համակարգի։

Սա այն դեպքն է, երբ ականը վնասում է տեղադրողին, և իշխանությունները լուրջ հարված ստացան իրենց իսկ անհեռատես գործողությունների պատճառով։ Նրանք այնքան են հեռացել իրենց արմատներից, որ կորցրել են ազգային իրական արժեքների հիշողությունը։ Իսկ   Սորոսա-արևմտյան փողատուները գործ ունենալով միայն այդ կարգի գրատնակերների հետ, ըստ էության չեն ճանաչում հայ ժողովրդին, և հենց դա է լինելու մեծ խոչընդոտ նրանց վերջնական հաղթանակի ճանապարհին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ