02  05  2019

Սա ամոթալի պահվածք է. Էդմոն Մարուքյանը՝ կառավարությանը

Սա ամոթալի պահվածք է. Էդմոն Մարուքյանը՝ կառավարությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ամոթալի է համարում այն, որ կառավարությունը մերժել է արտասահման մեկնած քաղաքացիների կենսաթոշակը վճարելու վերաբերյալ ԼՀԿ առաջարկը:

Մարուքյանն իր էջում մասնավորապես գրել է. «Ուժի մեջ է մնում նախկին իշխանությունների կողմից ընդունված խայտառակ իրավակարգավորումը... Սիրելի՛ քաղաքացիներ,

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն արտասահման մեկնած քաղաքացիների կենսաթոշակը վճարելու վերաբերյալ։

Այսինքն` ուժի մեջ է մնում նախկին իշխանությունների կողմից ընդունված իրավակարգավորումը, որի համաձայն՝ հազարավոր քաղաքացիներ արտասահման մեկնելու դեպքում մեկ տարի հետո այլևս չեն ստանում իրենց հասանելիք կենսաթոշակը, մինչդեռ աշխարհի զարգացած պետություններում այդ խնդիրը վաղուց կարգավորված է, քանի որ կենսաթոշակն անձի սեփականությունն է՝ անկախ նրա երկրում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից։

Հեքիաթ է կառավարության այն պնդումը, որ երկրում կան տասնյակ հազարներով թոշակառուներ, որոնք գոյություն չունեն և թոշակ են ստանում։ Արդեն մեկ տարի է, ինչ իշխանության ղեկին եք և եթե նման տեղեկատվություն ունեք, ապա ինչո՞ւ չեք միջոցներ ձեռք առնում դա դադարեցնելու համար։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից նշվող այն հիմնավորմանը, թե մեր կողմից առաջարկվող կարգավորման պարագայում հնարավոր է, որ մահացած անձանց փոխարեն կենսաթոշակն ստանան այլ անձիք, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայումս մեզ հասանելի տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս իրականացնել մինիմալ և օպտիմալ վարչարարություն՝ ստուգելու համար անձի ողջությունը և ըստ այդմ վճարելու նրա կենսաթոշակը։ Սա ամոթալի պահվածք է, որին մենք շարունակելու ենք հակադրվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ