ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Երբ համեմատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի պնդումը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր մտադրությունը օրակարգային հարց դարձնելու մասին, ապա հերթական անգամ տեսնում ենք, որ նման հարցերի քննարկման որեւէ ակնարկ չկա։
«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը խոսակցության մեջ բարձրացրել է այդ թեման, հատկապես Ալիեւի հետ առանձնազրույցում, սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ հնարավոր բարձրաձայնման դեպքում այդ առաջարկությունը, այդ պնդումը, Փաշինյանի անկյունաքարային խոստումը որեւէ արձագանք չի գտել Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Ճիշտ հակառակը, Ալիեւը անմիջապես հանդիպումից հետո պնդեց, որ բանակցային ձեւաչափի փոփոխություն Ադրբեջանը չի ընդունելու: Նա անգամ գովեց համանախագահներին, որ այդ հարցը թողել են ադրբեջանական կողմի քմահաճույքի վրա: Այսինքն Փաշինյանի այդ խոստումը կյանքի կոչվելու որեւէ հեռանկար գոնե այս փուլում չունի։
Փաշինյանական 3-րդ մոտեցումը այս հանդիպումից առաջ այն էր, որ հայկական կողմը վերջապես ուշադրություն է դարձնելու Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների վրա»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական կողմին չի հաջողվել վերականգնել այդ օրակարգը:
Աշոտյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած երեք հիմնարար սկզբունքները համատեղ հայտարարությունում չկան. «Ցավոք, երեկվա հանդիպումը հայկական քաղաքական օրակարգի հետ որեւէ աղերս չունեցավ»։
«Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եւ ՀՀ կառավարության հաղորդագրությունը, ապա երկու բովանդակային տարբերություն կա: ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, խոսելով Դուշանբեի հայտնի հանդիպման մասին, ՀՀ կառավարությունը օգտագործել է «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններ» ձեւակերպումը՝ լրջացնելով ոտքի վրա վերելակային խոսակցությունը, այնինչ համանախագահների հայտարարության մեջ օգտագործված է «Դուշանբեում կայացած խոսակցություն» ձեւակերպումը: Զգացի՞ք տարբերությունը: Այսինքն այդ խոսակցության արդյունքը ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ չէ»,-նկատեց Աշոտյանը:
Իսկ երկրորդ տարբերությունը հետևյալն է․ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ընդհանրապես չկա հիշատակում բովանդակային քննարկումների մասին, մինչդեռ համանախագահները նշել են, որ քննարկվել են կարգավորման սկզբունքներին եւ էությանը վերաբերող հարցեր:
Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ փորձում է կիրառել Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ» հայտնի գրքի որոշ սկզբունքներ եւ փորձում է խնդրին նայել նաեւ ադրբեջանական տեսանկյունից.
«Արդյոք դա գնահատվելու է Ալիեւի կողմից: Ես վստահ եմ, որ դա որեւէ մարդկային եւ քաղաքական գնահատական, շնորհակալություն չի ունենալու Ադրբեջանի ղեկավարության կողմից: Կարծում եմ, որ մենք ունենք երկիրը ներկայացնող ղեկավար, որը թուլացնում է իր բանակցային դիրքերը նման պացիֆիստական, անհասկանալի խաղաղասեր, բարեկիրթ լիդեր: Մեծ մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ձեւավորվում է ղարաբաղյան կարգավորման հետ կապված երկու օրակարգ. Մեկը, որ ներքաղաքական է, այսինքն բաներ է խոսում մեր ականջների համար, իսկ այն, ինչ խոսում է Մինսկի խմբի համանախագահների, Ալիեւի հետ, այնուհանդերձ տարբեր է: Այդ շպագատը, որ Նիկոլը փորձում է նստել, կարող է բերել որոշակի եւ շատ երկարատեւ վնասների ու հետեւանքների»,-ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ լավ է, որ տեղի է ունեցել հանդիպում, որովհետեւ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ռազմական գործողություն, բայց այդ հանդիպման ՕԳԳ-ն հայկական կողմի համար շատ ցածր էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը