20 03 2019

Արժե, որ Փաշինյանը հիշի այս խոսքերը. Zham.am

Արժե, որ Փաշինյանը հիշի այս խոսքերը. Zham.am

Zham.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Մոսկվայում, անցած դարի 70-ական թվականներին, Բրեժնևի ու Քարտերի հանդիպմանը պաշտոնական ճառերի ժամանակ Քարտերը մեկ նախադասությունով փորձում էր բացատրել, թե ինչով է տարբերվում ամերիկյան հասարակարգը խորհրդայինից՝ նշելով հետևյալը. «Դուք՝ ռուսներդ, պայքարում եք հարուստների ու հարստության դեմ և դրա համար էլ աղքատ եք, իսկ մենք՝ ամերիկացիներս, միշտ պայքարել ենք աղքատության դեմ, դրա համար էլ հարուստ ենք»:

Այս ամենը հիշելով, ակամա համեմատում եմ Փաշինյանի այն թեզի հետ, որ ինքը ժամանակին շատ աղքատ է ապրել, սակայն կարողացել է աղքատությունից դուրս պրծնել և այսօր, փաստորեն, ատելությամբ է լցված հարուստների դեմ: Ճիշտ է՝ դա քողարկում է նրանով, թե իբր նա բացասական է տրամադրված հիմնականում «անօրինական ձևով հարստացածների հանդեպ», սակայն պարզ է, որ իր մեջ խոսում է ենթագիտակցորեն երիտասարդ ժամանակվա Փաշինյանը: Սակայն,եթե Փաշինյանն իր այդ մոտեցումը չփոխի, ապա հետևանքները երկրի համար կլինեն  չափազանց վատ:

Անշուշտ, աշխարհի ոչ մի հարուստ  բացարձակ ազնիվ ձևով չի հարստացել: Այդպիսի օրինակ չկա: Մի երկրում դա կրել է ավելի գռեհիկ բնույթ, իսկ մյուսում այն ավելի տանելի բնույթի է եղել:

Սակայն կոմունիզմի փլուզումից հետո հարուստների հանդեպ վեճը աշխարհում վերացել է: Ակնհայտ է, որ կապիտալիզմը մեծ հաշվով անարդար համակարգ է,սակայն նրա արմատական այլընտրանքը  բերում է հանրություններին ոչ թե ավելի արդար համակարգի հաստատման, այլ ճիշտ հակառակ արդյունքի:

Ապշել կարելի է, որ 21-րդ դարում  Հայաստանում այսօր  փորձում են փաստացի վիճարկել այս թեզը :

Ու դրանից հետո դուք ասում եք, որ հայերի գլխավոր պրոբլեմը թուրքե՞րն ու ադրբեջանցինե՞րն են:

Ապշել կարելի է, թե ինչ մոլորության մեջ է գտնվում մեր հանրության զգալի մասը:

Ավելին, այս մտածողությամբ հայերը պարզապես դատապարտված կլինեն լրջագույն վտանգների հետ առնչվելուն: Եվ այստեղ թուրքերն ու ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն:

Ցույց տվեք մի այլ երկիր, բացառությամբ Վենեսուելայի, Բոլիվիայի, Կուբայի, Նիկարագուայի և Հուսիսային Կորեայի, որտեղ փորձ արվի ներդնել, և նույնիսկ խոսակցություն բացել, երկրում, այսպես կոչված, «մեղավորության կանխավարկածի» սկզբունքի հաստատման մասին:

Եթե ձեզ թվում է, թե Արևլյան Եվրոպայի երկրներում, բալթյան երկրներում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր  մարդիկ լավ են տրամադրված հարուստների հանդեպ, չարաչար սխալվում եք: Աշխարհի ոչ մի երկրում օլիգարխներին և հարուստներին չեն սիրում, և դա արդարացի է: Սակայն բոլոր երկրներում էլ արդեն հասկացել են, որ «անազնիվ հարուստների» դեմ պայքարը պետք է ունենա որոշակի սահմաններ, որտեղ պետք է սրբորեն պահպանվի «անմեղության կանխավարկածի» սկզբունքը: Իհարկե, այս դեպքում հնարավոր չի լինի հասնել բացարձակ արդարության: Ո՞ր երկրում է հաստատված այդ «բացարձակ արդար համակարգը»: Այդպիսի երկիր գոյություն չունի: Այս ծանր վեճը մարդկությունն արդեն անցել է:

Կարդացեք Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատությունը և ամեն ինչ պարզ կլինի:

Հասկանալի է, որ Հայաստանում մոդայի մեջ են այլ գրքեր ու աշխատություններ: Սակայն երբ հետագայում հետևանքների արդյունքում մենք հերթական անգամ կորցնենք մեր պետականությունը, ապա ոչ ոք թող չհամարձակվի դրա համար մեղադրել թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսներին կամ ամերիկացիներին:  Դա կլինի ամենակատարյալ անբարոյականությունը:

Ցավոք, այսօր Հայաստանում անգրագետները գլուխ են բարձրացրել: Նրանք տգետ են և միաժամանակ մարտնչելու տրամադրված, քանզի ունեն իրենց պատկերացրած արդարության տեսլականը: Տեսլական, որի իրականացումից հետո երկիրը կհայտնվի փլատակների տակ, իսկ պատասխանատվություն,ինչպես միշտ, ոչ ոք չի ուզենա կրել:

Դրա համար էլ մենք 300 հազարից դարձել ենք 30 հազարանոց երկիր:

Բայց, պարզվում է, դա էլ է մեզ շատ: Քանզի մարտնչող տգիտությունը այս երկրագնդում տեղ  չպետք է ունենա, և դա է այն հարաբերական արդարությունը, որը այսօր հաստատվում է ողջ աշխարհում:

Եվ բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում դա, տեղ չեն կարող ունենալ:

Եվ Փաշինյանը պետք է զգա իր մեջ պատասխանատվությունը և հրաժարվի՝ հենվել հանրության առավել տգետ զանգվածների վրա:

Քանզի դրա հետևանքները կործանարար կարող լինել երկրի համար:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ