21 02 2019

Ի՞նչ է հերքում Վահե Գրիգորյանը․ Armdaily.am

Ի՞նչ է հերքում Վահե Գրիգորյանը․ Armdaily.am

Armdaily.am-ը գրում է․ «Մի քանի օր է՝ մամուլում, սոցիալական ցանցերում քննարկվում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը մարտի 1-ի գործով եւ ՄԻԵԴ-ի որոշումը։ Ինչ հայց էր ներկայացրել առաջին նախագահը եւ ինչ որոշում է կայացվել-ենթավերնագիր Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հուլիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր մի շարք իրավունքների խախտումները։ Մասնավորապես, նա վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը և ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ:

Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են և այդ հիմքով եվրոպական դատարան բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի։ Առաջին նախագահի վիճարկած դրույթների մեջ էին նաեւ ընտրությունների արդյունքները եւ արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը։ Եվրոպական դատարանը, սակայն, անհիմն է ճանաչել նաև ընտրությունների արդյունքների ու ընթացքի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վիճարկումը, որով նա պնդում էր, թե ընտրությունները չեն եղել արդար և թափանցիկ, ինչը խախտել է իր՝ կոնվենցիայով երաշխավորված իրավունքը:

ՄԻԵԴ-ը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը, դրա համապատասխանությունը Կոնվենցիային, եւ արձանագրել է, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են օրինական կամ չեն հակասել Կոնվենցիայի սկզբունքներին։ Եվրոպական դատարանը միայն Տնային կալանքի և իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել Կառավարությունից։

Ի՞նչ է հերքում փաստաբանը. ՄԻԵԴ-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի գանգատը ներկայացրած Վահե Գրիգորյանը երեկ պարզաբանել է, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ որևէ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ «Եվ ոչ էլ ՄԻԵԴ կողմից որևէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին և պրն. Գևորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել»,-նշե է փաստաբանը։

Իհարկե, փաստաբանը իրավացի է, ՄԻԵԴ-ը չի քննել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ, ընդամենը քննել է իրենց գանգատը նաեւ երկրորդ նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասով եւ համարել հայցը անհիմն, ինչը, ի դեպ, իրավաբանների տեսանկյունից այդքան էլ պատվաբեր չէ, քանի որ՝ ավելի լավ է հայցդ ընդունվի, քննվի, որոշում կայացնեն, քան պարզվի, որ ներկայացրածդ հայցդ անհիմն է։

Հենց արտակարգ դրություն մտցնելու որոշումն էլ դրված է Քոչարյանի մեղադրանքի հիմքում, եւ եթե 7 տարի առաջ այդ հրամանագրում Եվրոպական դատարանը խնդիր չի տեսել, ապա ինչ դիրքորոշում է հայտնելու այսօր։ Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ գործով անցնող անձանց փաստաբանները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ՄԻԵԴ դիմելու իրենց մտադրության մասին, այնպես որ մենք մտահոգվելու տեղ ունենք, վտանգ կա, որ այս գործով ներկայացվող հայցերով մեր երկրի հերթական որոշումը կկայացվի, ահռելի գումարներ կգանձեն։

Այնպես որ հարգելի փաստաբանի պնդումները թող գոնե իր եւ իշխանությունների համար համոզիչ լինեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ