30 01 2019

Փաշինյանը իրականացնում է ադրբեջանցիների երազած քայլերը․ կարծիք. Politik.am

Փաշինյանը իրականացնում է ադրբեջանցիների երազած քայլերը․ կարծիք. Politik.am

Politik.am-ը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանիհետ զրուցել է ղարաբաղյան հարցի, Փաշինյան-Ալիև հանդիպումների, Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի մասին: Արամ Հարությունյանի խոսքով՝ ինչ-որ գաղտնի բան կա.«Հենց միայն այն, որ հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը այլ բան է հայտարարում, Ջոն Բոլթոնը՝ ուրիշ, նշանակում է՝ գոնե մեկը ճիշտ չի ասում, կամ երկուսն էլ ճիշտ չեն ասում: Հետևաբար՝ մենք իրավունք ունենք լրիվ չհավատալու գոնե մեկի ասածին: Ինչ վերաբերում է Արցախյան հարցին, բնական է, որ եթե Ալիևի հետ հանդիպումից հետո կամ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ջոն Բոլթոնի հետ, նշանակում է՝ հաստատ այդ թեման է քննարկվել, որովհետև չեմ կարծում, թե ամենահարմար տեղն էր, կամ Բոլթոնը չգիտե՞ր, որ Փաշինյանը Դավոսում է»:

Հարությունյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ինչ-որ բան կատարվում է ժողովրդի թիկունքում.«Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, այդ ծրագրի մասնակից է, որովհետև ես տարբեր առիթներով ասել եմ, որ այս հեղափոխության սցենարիստների հիմնական նպատակը այն էր, որ հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացվի, որի արդյունքում նաև հակահայկական է դառնալու, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Արցախի հարցում որևէ հստակ դիրքորոշում չհայտնելով, կամ ամեն անգամ տարբեր բաներ ասելով է աշխատում: Նա հայտարարում էր, որ Արցախի անունից չի բանակցելու, դիրքորոշում չի հայտնելու, այդ դեպքում ինքը Ալիևի հետ ինչի մասին է խոսել: Այս ամենը դարձել է պատահական հանդիպումների քաղաքականություն»:

Հարությունյանը, այնուամենայնիվ, համաոզված է, որ ժողովուրդը չի թողնելու որևէ հակահայկական դավադրություն իրականացնել Արցախի հարցի հետ կապված.«Համոզված եմ՝ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրերը շատ կարճ կտևեն, և միգուցե դա էլ դառնա առաջին համազարկը, որ պետք է սկսել իշխանափոխության գործընթաց»:

Անդրադառնալով բանակին՝ Արամ Հարությունյաննն ասում է.«Մենք տեսնում ենք, որ վարկաբեկվում է բանակը, վարկաբեկվում է եկեղեցին, վարկաբեկվում են պատերազմով անցած մարդիկ: Օրինակ, հենց Ռոբերտ Քոչարյանի՝ բանտում գտնվելը արդեն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, անում է բոլոր այն քայլերը , որ ադրբեջանցիները իրենց երազում տեսած չէին լինի. օրինակ, որ Արցախի հերոսները կհայտնվեն բանտում: Այդ հակաքարոզը Արցախի հերոսների նկատմամբ վարկաբեկում է. սովորական զինվորը կարող է մտածել, որ ձգտելու որևէ բան չկա: Եթե զինվորը տեսնում է, որ գեներալները «այդպիսին» են եղել, ապա ինչ իմաստ ունի գնալ առաջխաղացման, կարիերա ստեղծել բանակում, կամ, հանուն երկրի գնալ փորձությունների»,-մեկնաբանում է Հարությունյանը:

Արամ Հարությունյանը անդրադարձավ նաև երկու ժողովուրդների խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին.«Ընդհանրապես, Հայաստանի ժողովրդին ասել՝ պատրաստում ենք խաղաղության, աբսուրդ է, որովհետև ես չեմ կարծում՝ մեր ժողովուրդը պատերազմի հրձիգ է, և տրամադրված է պատերազմի Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ ինչ-որ ծրագիր կա, որը, գալիս է դեռևս 1997-98 թվականներից: Նկատի ունեմ այն ծրագիրը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակի էությունն էր կազմում: Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ 1992թ.-ին պատերազմ էր, ասում էր, որ մենք այդ պատերազմում պարտված ենք, որ ապագա չկա: Այսինքն՝ սա պարտվողական քաղաքականություն է, պարտվողական մոտեցումներ են»:

Հարությունյանի խոսքով՝ եթե մենք մեր տարածքները տանք հարևաններին, հաստատ խաղաղություն կլինի այդ գնով.«Նույն Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող հաղորդումները՝ խաղաղության նախապատրաստելու մասին: Մենք չգիտենք՝ հարցը ոնց են տալիս, կամ այդ մարդիկ հասկանու՞մ են՝ ինչ են ասում: Այդ քաղաքականությունը նորից դրվել է պետական իշխանության ռազմավարության մեջ: Դա նշանակում է, որ ինչ-որ բան է նախատեսվում: Ուրիշ խնդիր է, որ բանակը, համոզված եմ, ինչ-որ պահից սկսած, իր «ատամը ցույց է տալու» և չի թողնելու՝ նման ձևով վարվեն: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձել է բանակում առաջ տանել այն մարդկանց, որոնք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք են տալիս, կամ իրենց ուզածն են ասում, միևնույն է, հավաքական իմաստով այդ բանակն այն նույն բանակն է, որը մասնակցել է Արցախյան պատերազմին, և համոզված եմ՝ իրենք գոնե իրենց կենսագրությունը չեն ջնջի»:

Արամ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչ նկատի ունի՝ հակաիրանական քաղաքականություն ասելով.«Այն, որ Նիկոլ Փաշինյանի 2 անգամ հրավիրել են Իրան, բայց նա չի գնացել, արդեն նշանակում է, որ ինքը բաց ճակատով չի կարողանում գնալ Իրան, այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Իրանի սահմանը կարող է փակվել, այն, որ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ՝ ասելով, որ պետք է պայքարի նարկոթրաֆիկի դեմ, էլ չեմ ասում Հայկ Կոնջորյանի հայտարարությունը, որը ներկայացվեց որպես մասնավոր կարծիք կամ վրիպում: Դա այդպես չէ: Ուղղակի իրենք «Օվերտոնի պատուհանի» տարբերակով փորձում են հասարակությանը ծանոթացնել այդ գաղափարին: Մեզ համար ցավալի կլինի, եթե դառնանք գործիք ԱՄՆ-ի ձեռքին Իրանի դեմ: Դրա արդյունքում մենք երկկողմանի կտուժենք: Եվ՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ Իրանում ապրող հայերը: Բայց այն, որ ամեն ինչ դրան է տանում՝ տարբեր ուղղություններով, տարբեր տեխնոլոգիաներով փորձում են տանել այդ գիծը, փաստ է: Իրանի իշխանությունները, որքան էլ փորձում են զգուշորեն արտահայտվել, բայց զարմացած են ու մտահոգված այսօրվա Հայաստանի իշխանությունների պահվածքով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ