18 01 2019

Ի՞նչ են քննարկել հանրապետականները ԳՄ նիստում

Ի՞նչ են քննարկել հանրապետականները ԳՄ նիստում

Հունվարի 18-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստ է տեղի ունեցել։ Խոսնակ Էդուարդ Շարմազանովի հաղորդմամբ քննարկված մի շարք հարցերի թվում են եղել երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները, մասնավորապես, ղարաբաղյան գործընթացի շուրջ առկա մտահոգությունները։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել»,– ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ սա չի նշանակում, թե իրենք ասում են՝ նոր կառավարություն եկել է, որ երկիրը տանի դեպի ձախողում կամ միակողմանի զիջումների գնա. իրենք ասում են՝ իշխանությունն անփորձ է, ինչի հետևանքով մենք կորցնում ենք դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում։

«Երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, և Հայաստանում բացի Աշոտյանից, Շարմազանովից, այլ հանրապետականներից և դաշնակցականներից, ոչ ոք կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգությունները ավելանում են»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ ԳՄ նիստին քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, ներկուսակցական խնդիրները, անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ Շարմազանովը նշեց, որ կառավարության կառուցվածքը փոխելու և նախարարությունները կրճատելու որոշումը խայտառակություն է։

«Կառավարության օպտիմալացումը խայտառակություն է։ Վայ օպտիմալացումը՝ առավել ևս»,– ասաց նա՝ հավելելով, որ խայտառակություն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր տված խոստումները չկատարելը, մասնավորապես, տնտեսական աճի առումով։

«Եթե հեղափոխությունն  է մեյդան բերում, Վրաստանում և Ուկրաինայում էլ հեղափոխություն եղավ, բայց այնտեղ տնտեսական աճ գրանցվեց։ Իսկ մենք իրեն տվել ենք 9.7 տոկոս տնտեսական աճով երկիր, այսօր արդեն Համաշխարհայն բանկը 4.1 տոկոս է տալիս, իսկ բյուջեում 4.9 տոկոս է գրած»,– ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի մասին հարցին՝ Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն օրակարգում չկա։

«Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է։ Մենք ենք ընտրել նրան համագումարում։  Նա ունի ասելիք և անելիք»,– ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով․ «Բայց ե՞րբ է նա հեռացել ակտիվ քաղաքականությունից։ Եթե ակտիվ քաղաքականությունը միայն ԶԼՄ–ների հետ շփումն է, ուրեմն լիքը ճ կլասի գործիչներ կան, որոնք հիմա պիտի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար լինեին»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարը մյուս տարի է, իսկ մինչև այդ արտահերթ համագումարի մասին խոսք չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ