Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
«Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։ Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ:
Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են
Ուստի իրավունք ունեմ հարցնելու․ -Սահմանադրությունը ոտնահարողները արդյոք իրավունք ունե՞ն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։ Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները» ։
Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։
Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը։
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։ Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի։ Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ»։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մարտի մեկի գործով մեղադրանք է առաջադրվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը