Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, խոսելով երտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել:
Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք:Կարևոր է ամեն օր սովորել նոր բան:Ժամանակը հարաբերական է և կախված է յուրաքանչյուրի արագությունից:Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից: 21-րդ դարը երիտասարդների ժամանակն է: Ինչո՞ւ է կարևոր լինել երիտասարդ 21-րդ դարում: 21-րդ դարը տարբեր է լինելու: Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձևով:
Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են:21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ:
Որպես եզրակացություն՝ ուզում եմ ասել, որ երիտասարդ լինելու համար պետք է ամեն օր նոր բան սովորեք, պետք է ուրախանաք և զարմանաք ամենօրյա բացահայտումներով:
Երբ գաք Հայաստան, շատ ուրախ կլինեմ ձեզ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, շատ արագ է ընթանում: Երկիրը չունի մեծ բնական պաշարներ, սակայն ունի մարդկային մեծ ներուժ և լավ կրթություն: Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է: Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի»։Հանրապետության նախագահը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը: Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։ Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը