13 11 2018

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 13-ի նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի՝ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու  Միքայել Էդուարդի Թումանյանին տրամադրելու վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Հակոբ Սերյոժայի Հակոբյանին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:

Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ