ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայրենակիցնե´ր,
Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։
Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։
Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանն իրականություն դարձնելու գործին։
Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է և այս առումով ուզում ենք հույս հայտնել˒ որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը