11 09 2018

Սիրիայում մարտական խնդիրներ չենք կատարելու․ Դավիթ Տոնոյան

Սիրիայում մարտական խնդիրներ չենք կատարելու․ Դավիթ Տոնոյան

Մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Այդ մասին «Մեդիամաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: «Հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում:  Նույնիսկ ականազերծողների պարագայում խոսքը գնում է ոչ թե զինվորական սակրավորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիվ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թյուրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում ոչ թե գործուղման խնդրի և գործուղվողների կարգավիճակի, այլ զուտ նրանց՝ զինվորական լինելու հանգամանքի վրա»: 

Անդրադառնալով գործուղման իրավական հիմքին՝ նախարարը նշեց, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերը ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։

Տոնոյանը նաև նշել է, որ մինչև տարվա վերջ Հալեպի կգործուղվի մինչև 100 մասնագետ, իսկ թե ինչ ժամանակով դեռ հստակ չէ. «Մեր առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է։ Մենք մեր մտադրությունները քննարկել ենք մեր գրեթե բոլոր գործընկերների հետ: Մենք չենք մեկնում Սիրիա որևէ կողմում ռազմական գործողությունների մասնակցելու: Ի վերջո՝ մեր առաքելությունը մարդասիրական է, իսկ մեր ազգային շահը՝ Հալեպի հայ համայնքի պահպանումն ու Սիրիայի ժողովրդի՝ բնականոն խաղաղ կյանքին վերադարձը: Կարծում եմ՝ այս հարցում մեր գործընկերների մոտ կա լիարժեք ըմբռնում»։ Նախարարը նաև հավելել է, որ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Մեդիամաքս»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ