«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ ՊԵտերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի, մաքսային հարցեր:
Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝ որպես երկրի ղեկավար:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի: Բացի այդ, մեզ ասացին, որ ռուսական կողմը հատուկ է շեշտել, որ Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն: Կառավարությունից էլ պատճառաբանեցին, թե օրակարգային այնպիսի հարցեր կան, որ Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ է, միշտ չէ, որ նա կմասնակցի այդ նիստերին:
Հարցին, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց. «Սա մասնակցության ձևաչափի վեճ չէ, մասնակցության ձևաչափը կորոշվի աշխատանքային նպատակահարմարությունից ելնելով, այցից մի քանի օր առաջ»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը