«Հասցրել եմ ծանոթանալ հոդվածին: Կարծում եմ, որ առաջին նախագահը ստեղծված ներքաղաքական վիճակում երկու առաքելություն ունի: Առաջինը՝ մտածելով, որ լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ նախընտրական ակտիվություն է ցուցաբերվում: Երկրորդ՝ Լ. Տեր-Պետրոսյանի համար դեռ կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի տարածումը»: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին:
Սա այն դեպքերից է, երբ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: ՀՀԿ-ը խորհրդարանական միակ ընդդիմությունն է, սա փաստ է, քաղաքական իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց Կառավարությունը: Գործադիր մարմնում ներկայացված են խորհրդարանական մյուս բոլոր ուժերը: Մեր դերակատարությունն ու արժեքն է քաղաքական դաշտում նաև ժողովրդավարության տեսանկյունից ապահովել այլակարծություն, բազմակարծություն»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ը պետականության ամրապնդման ակունքներում է և իրեն չի կարող թույլ տալ քինախնդիր ու մանրախնդիր լուծումներ:
«Մայիսի 8-ից առ այսօր որևէ փաստագրված դեպք, որ Հանրապետական կուսակցության անդամը, պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ չի կատարել, հորդորել է քաղաքացիներին փակել ճանապարհները, չի եղել: Վարչապետի ուղերձում հստակ էին ակնարկները, թե որտեղից են գալիս այդ ուղերձները: Դրանք կապ չունեն ՀՀԿ-ի հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը անդրադառնալով հիմա երկրում կատարվող իրադարձություններին և տիրող իրավիճակին, նշեց, որ կա երեք ռիսկային սցենար:
«Առաջին վտանգը, որ կա երկրում, և որը կարծեք թե կիսում է գործող իշխանությունը, անարխիան և քաոսն է: Երկրորդ վտանգը չափից ավելի ավտորիտար ճանապարհով գնալու գերկարգավորումների դաշտում քաղաքական այլակարծությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է: Մասնավորապես, դա տեսնում եմ հանրային քննարկումների դիսկուրսում, այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում գործող իշխանությունների կամ իրենց ղեկավարի կարծիքների հետ: Երրորդ վտանգը պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որ կարող է պարզապես էռոզիայի ենթարկել պետական մարմինների աշխատանքը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը