Մայիսի 17-ին կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից քայլելով գնաց Բաղրամյան 26: Նրան ուղեկցում էին քաղաքացիներ, լրագրողներ: Հարցին, թե ինչո՞ւ է ոտքով գնում, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև սիրում եմ քայլել»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տարբեր սոցիալական խմբերի կողմից իրականացվող բողոքի ցույցերին, որոնց հետևում կարող են ինչ-ինչ քաղաքական ուժեր լինեն, մասնավորապես` ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Եթե ՀՀ-ում դեռ կան քաղաքացիներ, ովքեր կարող են ուղղորդվել Հանրապետական կուսակցության կողմից, դա, ճիշտն ասած, անհասկանալի է»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները սկսվել են, իսկ թե ինչ փոփոխություններ կլինեն, նա ասաց, որ դա կլինի քաղաքական քննարկումների արդյունքում:
Պատասխանելով հարցին` հանդիպո՞ւմ է, արդյոք, Սերժ Սարգսյանի հետ, քանի որ իրենք ներկայում հարևաններ են, ասաց. «Մենք կարող ենք հանդիպել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի տեղեկատվություն ստանալ ԼՂ հարցով»:
Անդրադառանալով տնտեսության վիճակին, նա նշեց, որ նախորդ Կառավարությունից ժառանգության ստացել են մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել. «Մենք հիմա արագ այդ հնարավորությունները կընդլայնենք: Այսօր արդեն «դե ֆակտո» ընդլայնված են, պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու պատշաճ ձեւով` ներդրումների տեսքով արձագանքեն»:
Նա համոզմունք հայտնեց, որ քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը