ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում «Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ» վերնագրով գրառում է արել, որտեղ դիմել է «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելով նրան ՀՀԿ խմբակցություն՝ քննարկելու հետագա անելիքները: Նա մասնավորապես նշել է.
«Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «չեմ թռնի»: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ախր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից:
Դադարեցրեք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո՛ն Փաշինյան:
ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում, ԱԺ-ում են լինում, դադարեցրեք այն, ինչ արվում է, և Ձեր ոճով՝ «բարձրացրած ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու:
Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկեք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկեք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկեք առանց վուվուզելների, եկեք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների»:
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը պատսխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը: Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել է.
«Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։
Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրու Վահրամ Բաղդասարյանին, հարցրու Գագիկ Մինասյանին եւ այլոց։ Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։
Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ»:
Սամվել Ֆարմանյանն արագ արձագանքել է իր գրառմանը Արարատ Միրզոյանի պատասխանին: Մասնավորապես նա նշել է, որ խմբակցությունը քվեարկելու է միաձայն:
«Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու»:
Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը