22 02 2025

Նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում․ Սերգեյ Ռյաբկով

Նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում․ Սերգեյ Ռյաբկով

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապատասխան համապարփակ խորհրդակցություններ։  Պետք է տեղեկություններ ստանալ, թե այս մակարդակում ամերիկյան կողմից ով է հանդես գալու որպես մեր զրուցակից։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա երրորդ երկրում, կոնկրետ տեղն այժմ համաձայնեցվում է։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձև կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ռուբիոն նաև նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է աջակցեն բանաձևին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ