11 02 2025

Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am

Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։

 

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Քոլոյանը։

Ստորև ներկայացնում ենք ամբողջական զրույցն՝ առանց խմբագրման։

 - Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։

- Այո՛, երեկ է հանվել։

- Ինչո՞ւ։

- Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։

- Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։

- Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։

- Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․

- Ես այլ հարցերի չեմ պատասխանում։

- Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։

- Ես բարեկամական մոտեցում չունեմ։

- Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։

- Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։

- Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։

- Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։

- Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։

- Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։

- Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։

- Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։

- Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։

- Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։

- MediaHub.am:

- MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։

- Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։

- Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։

- Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։

- Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։

- Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։

- Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։

- Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։

- Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։

- Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։

- Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։

- Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։

- Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։

- Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։

- Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։

- Իսկ որպես գործադիր տնօրեն՝ Դուք այս հարցը քննարկե՞լ եք ռադիոյի աշխատակիցների հետ։

- Ես եմ որոշել։ Ինձ նշանակել են, ես եմ որոշել։

- Այսինքն՝ Ձեզ որևէ կերպ չեն ճնշել, իրոք Ձեր կամքո՞վ եք հեռացրել դրոշը։

- Իրոք իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է։ Ի՞նչ եք ուզում լսել։

- Կուզեի լսել, որ գոնե ստիպված եք հանել։ Ինչևէ, հանված դրոշն ի՞նչ է արվելու։

- Արցախի դրոշը հարգանքով բերվելու է իմ սենյակ, մենք այստեղ բացելու ենք թանգարան, այդ թանգարանի բաժիններից մեկը կլինի Արցախում աշխատած հայ լրագրողներին նվիրված։

- Շնորհակալ եմ։

- Հաջողություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ