ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։
«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակում ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ ճեպազրույցում Սիմոնյանը նշել էր, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:
«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել և վերջիվերջո մենք չունենք շատ հարցերի պատասխաններ»,- ասել է ԱԺ նախագահն՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի առաջարկներին, թե կարող են միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը