06 02 2025

Պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը

Պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը

«Հետք»-ը գրում է.

Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված Բովաձոր, Կողես, Լեջան, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կետրոնների ամբողջական վերանորոգման և բարեկարգման համար համայնքապետարանը 2023 թվականի հուլիսին կազմակերպել է մրցույթ։ Մրցույթն անցկացվել է «գնանշման հարցում» ընթացակարգով։ Գնառաջարկ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Լոռշին» ՍՊԸ-ն։

«Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։ Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։ Վահրամ Պապիկյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռի Բերդի տարածքային խորհրդի նախագահն է։

Ի դեպ, Վահագն և Վահրամ Պապիկյանները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականներն են։

Համայնքապետի առաջին տեղակալի եղբորը պատկանող ընկերության հետ 2023-ի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի ընդհանուր գումարը 21 մլն 304 հազար դրամ է։ Պայմանագրի կնքումից հետո այն փոփոխվել է երկու անգամ։ Առաջին անգամ վերանայվել է գումարի վճարման ժամանակացույցը, երկրորդ անգամ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։

Լոռի Բերդ խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքն իր կազմում ներառում է 8 բնակավայր՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ, Հովնանաձոր և Լոռի Բերդ։ Վերջինս համայնքի կենտրոնն է։

«Հետքը» զրուցեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։ Ներսիսյանն ասաց, որ այս գործարքում շահերի բախում չի տեսնում, և այն փաստը, որ հաղթած ընկերության սեփանակատերն իր առաջին տեղակալի եղբայրն է, որևէ ազդեցություն չի ունեցել «Լոռշին» ՍՊԸ-ի մրցույթում հաղթելու գործում։ 

«Վահագն Պապիկյանը նույնիսկ Հայաստանում չի ապրում, եղբոր հետ էլ կապ չունի, իրենք առանձին են ապրում»,- հավելեց համայնքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ