Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ վրացական ոչ կառավարական կազմակերպությունները USAID-ից ստացել են ավելի քան 40 միլիոն դոլար 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների համար, և այդ ֆինանսավորման նպատակը թափանցիկ չէ։
«ԱՄՆ ՄԶԳ-ն քաղաքական ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով 41,7 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «եթե համեմատենք Վրաստանի և ԱՄՆ-ի բնակչության թիվը, ապա դա համարժեք է ԱՄՆ-ի ընտրությունների վրա 3,78 միլիարդ դոլար ծախսելուն»։
«Անհնար է 41,7 միլիոն դոլար ծախսել այլ երկրում ընտրությունների վրա և որևէ պատասխանատվություն չզգալ այս երկրի բնակչության հանդեպ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի նախագահը պահանջել է իմանալ, թե ինչպես են տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացվում այն կազմակերպություններին, որոնք պարբերաբար ղեկավարում են Վրաստանում հեղաշրջման փորձերը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը:
Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը