04 02 2025

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ազատվել Մեղրիից. Բենիամին Մաթևոսյան



 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը մի քանի տարում կարողացավ «սինքրոնիզացվել» ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև Հայաստանում ամերիկյան մի շարք կառույցների, մասնավորապես՝ ամերիկյան կառավարության կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող կառույցի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ:
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի նախօրեին «հայ-ամերիկյան» լրատվամիջոցը պատրաստել էր ռեպորտաժ «գաղտնի» փաստաթղթերի հիման վրա, որի հիմնական թեման հայկական Մեղրին էր:

Նյութից տեղեկացանք, որ Հայաստանից միջանցքը ցանկանում էին ստանալ դեռևս 1990-ականների սկզբին, և այդ ցանկության հետևում կանգնած էին ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև Միացյալ Նահանգները:

Մենք տեսանք, թե ինչպես Պետդեպարտամենտը ոչնչացրեց տասնամյակներ շարունակ զարգացող թեզը, որ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը սպանվել է, քանի որ դեմ էր

«Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու պլանին»: Թեզը ոչնչացվեց, քանի որ պարզ դարձավ, որ Սարգսյանը սկզբից ի վեր տեղյակ էր ամեն ինչից և աջակցում էր Ադրբեջանի հետ բանակցությունները (Վազգեն Սարգսյանի ընտանիքի որոշ անդամների համար իսկը ժամանակն է հավաքել իրենց բոլոր հարցազրույցները, որոնք տրվել են Սարգսյանի սպանությունից հետո անցած տարիների ընթացքում, տպել այդ նյութերը և այրել Հանրապետության հրապարակում):

Իմացանք նաև, որ այս բոլոր բանակցությունների արդյունքը դարձավ Քի-Ուեսթի գործընթացը, որի շրջանակներում Արցախը Լաչինի հետ միասին պետք է դառնար ՀՀ միջազգայնորեն ճանաչված մասը, իսկ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ոչ մեկը դեմ չէր այս պլանին։ Ադրբեջանը փոխարենը կստանար միայն մի էստակադա, որը կկապեր նրան Նախիջևանի հետ: Ավելին՝ Երևանը պահանջեց բանակցությունների շրջանակներում, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում էր ստանալ էստակադան, նա ինքը պետք է ընդհանուր լեզու գտներ Անկարայի հետ, որպեսզի նրան ներգրավեր Հայաստանի հետ ցեղասպանության ճանաչման հարցով կառուցողական երկխոսության դաշտ:

Պետք չէ լինել ՀՀ իշխանությունների սիրելի «Rasmussen Global» խորհրդատվական գործակալության վերլուծաբան՝ հասկանալու համար, որ Մեղրիի թեման նետվել է հասարակական դիսկուրսի մեջ՝ Բաքվին և Անկարային հնարավոր տարածքային զիջումները հետագայում արդարացնելու համար: Փաշինյանին անհրաժեշտ է քաղաքական ալիբի «Մեղրին արդեն տասնամյակներ առաջ հանձնվել է» տրամաբանության շրջանակներում: Սակայն կարևոր է նաև հասկանալ, որ Մեղրիի հնարավոր հանձնումը կամ միջանցքի հանձնումը կարող է, ինչպես 2020 թվականի պատերազմի դեպքում, «գետնի վրա» այնպիսի գործընթացների մեկնարկ տալ, որ ամեն ինչ չի սահմանափակվի միայն մեկ քաղաքով կամ միջանցքով, այլ կհանգեցնի Իրանի հետ սահմանի ամբողջական կորստին:

Ոմանց կարող է թվալ չափազանցություն, բայց Մեղրիի հանձնելու, առավել ևս հայ-իրանական սահմանն ամբողջական կորցնելու մեջ կա ներքաղաքական տրամաբանություն: Եթե Արցախը վտանգավոր էր Փաշինյանի համար որպես սուբյեկտ, որից կարող էր առաջանալ իրեն այլընտրանքային քաղաքական էլիտա (ինչպես դա արդեն մեկ անգամ եղել է 1998 թվականին), ապա Իրանի հետ սահմանի կորուստը կհանգեցնի նրան, որ պաշտոնական Թեհրանի, ինչպես նաև պաշտոնական Մոսկվայի քաղաքական, տնտեսական և ռազմական պոտենցիալ ազդեցությունը հայաստանյան գործընթացների վրա գրեթե կզրոյացվի: Դա իր հերթին Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին կդարձնի անայլընտրանք: Եթե գործընթացները դիտարկենք այս տեսանկյունից, ապա Փաշինյանի վարքագիծը թվում է տրամաբանական իր անձնական շահերի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից «հանձնված Մեղրիին», ապա պարզապես հիշեցնենք, որ 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բացեց «Հայաստան-Իրան» գազատարը: Իսկ Ղարաբաղը, որի մասին Փաշինյանը 2019 թվականի ամռանն ասում էր՝ «այն Հայաստան է և վերջ», դարձավ Ադրբեջանի մաս, և այնտեղ գրեթե հայեր չեն մնացել:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ