04 02 2025

Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք․ ՔԻՀԿ

Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք․ ՔԻՀԿ

Փետրվարի 1-ին գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հրապարակային խոսքը սահմանափակող խափանման միջոցի կիրառումը իրավական կամայականություն է [1]՝ հիմնված «ատելության խոսքի» սխալ և խտրական մեկնաբանության վրա` հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։
Ատելության խոսքի անբաժան մասը պաշտպանվող հատկանիշն է՝ այն հատկանիշը, որով պայմանավորված է ատելությունը, օրինակ՝ մարդու մաշկի գույնը, կրոնական հայացքները և այլն։ Առաջին դեպքը չէ, երբ քաղաքական վերնախավին կամ իշխող կուսակցության պատկանելիությունը նույնացվում է «քաղաքական հայացքների» հետ, ինչը պարզունակ է դարձնում և խեղաթյուրում այդ հասկացությունը՝ վերածելով այն քաղաքական հետապնդման գործիքի։
Իշխող վերնախավին պատկանելը չի կարող պաշտպանվող հատկանիշ լինել, առավել ևս այնպիսի կուսակցության միանձյա իշխանության պարագայում, որը բազմիցս հայտարարել է, որ զերծ է որևէ «իզմ»-երից, այսինքն՝ չի կրում որևէ որոշակի քաղաքական գաղափարախոսություն։
Խոսքի ազատությունը հիմնական և կարևորագույն քաղաքական իրավունքներից է։
Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք։ Եթե քաղաքական քննադատության «թույլատրելի շեմը» իջեցվում է այս մակարդակի, ապա մարդիկ ստիպված են իրականացնել այնպիսի ինքնագրաքննություն, որը հատուկ է բացառապես բռնապետություններին։
Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը այժմ պատրաստում է հատուկ զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի (ՀՀ ՔՕ 329 և 330-րդ հոդվածներ) կիրառման միակողմանի և խտրական պրակտիկայի, կամայական մեկնաբանությունների և մյուս խնդիրների մասին։
«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ