Առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ ԱԽ քարտուղարն ասաց. «Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում ապաշրջափակման տեսլականն է։ Բացի այդ, բոլոր հարցերով՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»։
Հարցին, թե որքան են շարունակելու խաղաղություն խնդրել, երբ Ալիևը հակառակի մասին է խոսում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը