«Բոլոր քայլերը, որ իշխանությունն անում է, այ այս աթոռի համար է»։ Այս մասին հունվարի 22-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Տեսան, որ մարդիկ դժգոհում են հայտարարագրումից, շեմ սահմանեցին, տեսան, որ տրանսպորտի գնից դժգոհություն կա, Ավինյանը նոր նախաձեռնություն ներկայացրեց։ Տեսան, որ ժողովուրդը գժված է Սիրունյանի ներկայությունից, նրան էլ հեռացրին։ Կարող եմ նման տասնյակ օրինակներ բերել»,- hավելեց պատգամավորը։
Փաշինյանը հակադարձեց՝ նշելով, որ հայտարարագրման շեմի հետ կապված շփոթմունք է տեղի ունեցել, ինչի համար ներողություն է խնդրում։
«Բա երկխոսությունն ինչի՞ համար է, իշխանությունը պետք է հաղորդակից լինի։ Եթե մարդը բան է ասում, և տեսնում ես, որ արդար է, պե՞տք է ասես՝ չէ, ես իշխանություն եմ, չեմ փոխելու, ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ։ Դա՞ եք ուզում»,- հավելեց նա։
Գեղամ Մանուկյանն էլ ի պատասխան ասաց.
«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի։ Առավոտից իրիկուն կառավարությունում, դպրոցներում բողոքում եք, որ սխալ են զեկուցել։ Լավ, ինչքա՞ն կարելի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը