30 12 2024

Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան

Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:  Սրանք Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են՝ «Ծառերը» վիպակից։

Մաթևոսյանի այս մարգարեական բանաձևն հիմա ամենօրյա ապրում է ու մտրակող ցավ․․․ Ցավ, որովհետև  մեր կողքին  կա զուգահեռ մի իրականություն, ուր ամենօրյա ռիթմով բախվում ենք անասունի կերպը նախընտրած  «մարդկանց»  տեսակին, ու նրանք քիչ չեն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծվել են ոգեղեն  Հայաստանի փլուզմանը։

Հրահանգն այդպիսին է․ և  տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարավոր ամենանողկալի որակների դրսևորման համար ․․․
Սրանցը ուրացումն է՝ պատմությունից մինչև  հավատ, դասագրքից մինչև եկեղեցի, անգամ սեփական կենսագրություն․․․

Այն տեսակի սրբազան փարոսները  պաշտոնն ու փողն են։  Սրանք պատրաստ են կյանքի  «սկզբունքներ ու համոզումներ»  խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին  ներդաշնակ լինելու,  լափամանին մոտ  ու հարմարավետ տեղավորվելու համար։ 

Սրանց թվում է, թե եկել է  ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկա ներկա առանց անցյալ։

Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցյալն իրենց  ու մեր հավաքական ինքնության մասն է, նույնքան ներկա։

Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիևի կամ էրդողանի  հրահանգով գրած պատմության մեջ իրենք էլ չկան, իրենք  էլ են դառնում անպետք ոչ մի բան, օգտագործված ու շպրտված  ոչ մի բան, ոչնչություն, զրո․․․

Սրանք չեն հասկանում, որ անգամ  իրենք իրենց պետք չեն, իրենք ինքնաընկալում  էլ չունեն,  իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ  ու այսրոպեական շահից դուրս չկան․․․

Անհայրենիք Էս տեսակը սրբություն չունի, չունի նաև  անձնական ինքնորոշման կայուն հենարան։
Սրանք  չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ  պատմությունն ու անցյալը մեր ինքնության մասն են, չկա ներկա առանց անցյալ։ Ի վերջո, չկա ազգ առանց պատմության։

Սա մշտապես տեր փնտրող անողնաշար տեսակն է,  ուժի դեմ քծնող ու ճկվող, արմատից թույլ, բայց պոռոտախոս ու ոչնչատեսիլ։

Ի վերջո, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հավաքական հիշողությունը։  Իսկ մենք հո լավ ենք հիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները,  նախկիններին քսմսվելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրությունը բիսնեսի  ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարո  արժեքները։

Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել և չգիտեն, որ հիշողությունից բռնի զրկվածին ու  սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկյան փորձված միջոց է՝  հավատարիմ ու անուղեղ ստրուկներ  բուծելու միջոց․․․

Իսկ թուրքը՝ նաև ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղությամբ շարունակում են ապրել նաև ձեր զավակները։

ԱՄՈԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։
Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․
Հ․Գ․Արգահատելի են  նաև նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանության/ լուռ ու հաշտ վկան են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ