Այսօր բանակում բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, որոնք ակնհայտորեն համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էլ չեմ ասում, որ երբ ասում ենք՝ բանակում ծառայություն, հասկանում ենք միայն ու միայն ինչ-որ խոշոր տրամաչափի զենքեր հրելիս կամ օգտագործելիս։ Բանակը շատ մեծ օրգանիզմ է և այնտեղ ամենատարաբնույթ, ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան։
Մենք պետք է այս վերաբերմունքը նույնպես վերանայենք և պարտադիր չի, որ որ բոլոր բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար: Կարող են լինել սահմանափակում բանակում ծառայության բնույթի համար, ելնելով այդ հիվանդությունից: Պետք է ուղիղ ասել՝ Հայաստանում բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր կան մարդիկ, որ ուզում են պայմանագրային զինծառայության անցնել, բայց այդ նույն հիվանդությունների բերումով չեն կարողանում. «Մարդը ուզում է ծառայի, բայց այդ հիվանդությունների ցուցակի բերումով, ՊՆ-ն չի կարողանում իրենց հետ պայմանագիր կնքել ու վերցնել պայմանագրային զինծառայության»,- ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը