Գործընթացն ընթանում է, կարծում եմ, որ մոտ ժամանակներում սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, թե այս պահին որևէ ավել բան չի կարող ասել, որովհետև համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորավածություն, որով կողմերը մամուլի հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն չեն տալիս։
Գրիգորյանը նաև պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- լրագրողներ հետ զրույցում ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը