04 12 2024

Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան

Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան

Այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում այն իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում. մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021-2022թթ. եղել են տարածքային ոտնձգություններ ու ագրեսիա:

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել, ինչպես նաև այն հայտարարությանը, թե ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր ձևաչափերով փաստաթղթերին:

«Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այն ուղղությամբ, որ ՀՀ նկատմամբ ագրեսիա է լինելու,  և առաջին հերթին, իհարկե, այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակցիներից ստացել ենք պատասխան՝ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Սա բոլորը գիտեն և չեն կարող ոտնձգություն անել:

Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ այդ կարմիր գիծը, որ դուք ասում էիք հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք՝ ոնց, որ թե սահմանը դելիմիտացված չէ: Էդ դեպքում մենք ասել ենք, բա որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվե՛ք այդ կարմիր գիծը, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ ասել ենք՝ ցո՛ւյց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, իրենք մեզ դա ցույց չեն տվել:

«Ես հրապարակային ասել եմ՝ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Դա է եղել պատճառը, որ 22 թվականի աշնանը Երևանյան գագաթաժողովում ես չեմ ստորագրել ՀԱՊԿ-ի ժողովի եզրափակիչ փաստաթուղթը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը բացարձակ կապ չունի:

«Մենք ՀԱՊկ-ի մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, Փաշինյանն ասաց, որ մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթի մշակման, ոչ քննարկման, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում:

«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաղթղթի վրա, որովհետև մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են որոշեն, մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասում՝ վա՜յ, մենք այստեղ վետո դնելու իրավունք ունենք, այդ էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ:

Այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվարացնում, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ անդառնալիության կետն արդեն անցել ենք»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ