Հայաստանը դեսպանատուն է բացում Հունգարիայում, նստավայրը՝ Բուդապեշտ:
Որոշումը ներառված է կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է․ «2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։
Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր:
Հայաստանն ընդգծում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարևորությունը և շարունակելու է աշխատանքներ իրականացնել Հունգարիայի կառավարության հետ՝ զարգացնելու փոխշահավետ երկկողմ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև:
Հայ-հունգարական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:
Երկկողմ հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի նաև Հունգարիայի հայ համայնքը:
2024թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը՝ նոր լիցք հաղորդելով տարբեր ոլորտում համագործակցությանը»։
Նշենք, որ Հունգարիան Ադրբեջանի ռազմավարական գործընկեր երկիր է, իսկ Հունգարիայի վարչապետը բազմիցս հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով, այդ թվում՝ Շուշիում։
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանը խզել էր 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը