Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
«Ի տարբերություն Արևմուտքի, որը չունի բարի նպատակներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկապես ցանկանում է իր ադրբեջանցի եղբայրների բարօրությունը։
Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ և խաղաղության ու անվտանգության հաստատում այս զգայուն տարածաշրջանում: Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը կարևոր իրադարձություն է, որը Հարավային Կովկասի հարցում Գերագույն առաջնորդի խոհեմ քաղաքականության արդյունքն է և ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության աճող ամրապնդումը:
Վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում այլընտրանք ստեղծել, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։
Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք բացահայտել են, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը