Ես ՌԴ արտաքին գործերի նախարարութայնը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։
Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։
Ինչպես ընդգծեց ՀՀ վարչապետը, ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ է գործուղվել ՌԴ դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա, որում ասվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։
«Ուր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը», - հարց բարձրացրեց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ ՌԴ-ն նաև հայտարարում է, թե երբ հասնում են ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, Հայաստանը խուսանավում է, ՀՀ վարչապետն արձագանքեց, որ նման բան չկա․
Առնվազն երեք անգամ եղել է փաստաթուղթ, որը Հայաստանն ասել է՝ հենց հիմա ստորագրում ենք։ Եվ այդ թղթի տրամաբանությունը, ըստ էության, եղել է այն, ինչը մենք այսօր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք, - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ դա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրենք հրապարակային են դարձրել։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե հայկական կողմն ուզում է «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ հարկավոր է կարդալ այդ հայտարարությունն ու տեսնել, թե դրան առնչվող տարածքում ինչ է կատարվում։
«Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացել է՞, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞։ Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք դրա հետ որևէ խնդիր չունենք․ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրտի արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», - հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը