09 11 2023

Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է․ Միրզոյան



Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին՝ ասելով․

«Շարունակական մարտահրավերները, որոնց աշխարհը բախվում է այսօր՝ սկսած ռազմական հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխության հետևանքներ, ընդգծում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում համատեղ ջանքերը կրկնապատկելու հրամայականը:

Հետևաբար, մենք աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ապագա ռազմավարական կոմնորոշիչներին և ծրագրային առաջնահերթություններին, մասնավորապես բոլորի համար կրթության իրավունքի, մշակութային իրավունքների, խոսքի ազատության, ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտներում:

Որպես Գործադիր խորհրդի անդամ՝ Հայաստանը կշարունակի աջակցել Աֆրիկայի գլոբալ առաջնահերթությունների և գենդերային հավասարության, ինչպես նաև առաջնահերթ խմբերի՝ Երիտասարդության և Փոքր կղզի զարգացող պետությունների ծրագրերի իրագործմանը:

Որպես Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամական խմբի համանախագահ մենք շարունակելու ենք աջակցել Գործառնական ռազմավարության իրականացմանը՝ պետությունների այս խմբի համակարգային խոցելիության հարցերը հասցեագրելու նպատակով:

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, հատկապես հակամարտություններից և բնական աղետներից տուժած շրջաններում և դատապարտում է ցանկացած հարձակում մշակութային խորհրդանիշների վրա՝ պայմանավորված դրանց տարբեր ծագումնաբանությամբ և ինքնությամբ:

Այս համատեքստում Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակել աջակցել Իրաքյան վավերագրական ժառանգության վերականգնմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» առաջատար նախաձեռնության շրջանակներում:

2024 թվականին լրանում է Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը, և այս շրջադարձային իրադարձությունը հնարավորություն է ստեղծում վերահաստատել միջազգային հանրության՝ ռազմական հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հանձնառությունը: Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ այս կարևոր հոբելյանի շրջանակներում:

Տիկին նախագահ,

Աշխարհի տարբեր անկյուններում փխրուն խաղաղությունը պահպանելու մեր ընդհանուր պայքարի պայմաններում, որին զուգահեռ խթանելով միասին ապրելու արժեքները, խորը մտահոգությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեր տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների բացակայությունը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

Հայաստանը ներկայում առերեսվում է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 փախստականների, այդ թվում՝ 30 հազար երեխաների զանգվածային հոսքի, որոնք ընդամենը մի քանի օրում լքել են իրենց նախնյաց հայրենիքը՝ հետապնդումների և ոճրագործությունների վախի ներքո։ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ փախստականների կյանքը փրկելու, պաշտպանության և շուտափույթ վերականգնման կարիքները հոգալու համար։ Այս կապակցությամբ ցանկանում եմ Հայաստանի երախտագիտությունը հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նրա գլխավոր տնօրենին՝ փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ առաքելություն Հայաստան արագ գործուղելու համար:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը, ապա դրա պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է։ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։

2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների վերաբերյալ ընդունված իրավաբանորեն պարտադիր որոշումը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, շիրիմների և արտեֆակտների դեմ»։

Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում, ինչը չհաջողվեց Նախիջևանում 1997-2006 թվականների ընթացքում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման դեպքում:

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի անվերապահ աջակցությունը  խաղաղության և հանդուրժողականության մշակույթը տարածելուն ուղղված Կազմակերպության ջանքերին՝ խարսխված մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ