25 09 2023

Ո՞ր ՔՊ-ականներն են, «Փաշինյանի կամքին հակառակ», բնակարան գնել Երևանի կենտրոնում․ ցանկ

Ո՞ր ՔՊ-ականներն են, «Փաշինյանի կամքին հակառակ», բնակարան գնել Երևանի կենտրոնում․ ցանկ

«Մեզ համար կենտրոնը սեփական կվարտիրաների տեղ չէ: Երբ մենք ուզում ենք լինենք կենտրոնում, գնում ենք Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր-Նորք, ամենահեռու տեղերը»,- Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը ՔՊ-ի երթ-հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասում է, որ իր թիմի համար Երևանը նախևառաջ ծայրամասն է, բայց արի ու տես, որ իշխանափոխությունից հետո ՔՊ-ականների մեծ մասը նոր տներ և բնակարաններ է ձեռք բերել հենց Երևանի կենտրոնում և ոչ թե ծայրամասերում:

Այսպես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարգրում նշված է, որ 2019 թվականին բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում, իսկ 2022-ին նոր բնակարանի պայամանագիր կնքել «Բյուրեղ» թաղամասում, որը դարձյալ Կենտրոնում է:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իշխանափոխությունից հետո երկու բնակարան է ձեռք բերել, որոնցից մեկը՝ նորից Երևանի Կենտրոն համայնքում՝ «Բյուրեղ» թաղամասում, ի դեպ, ըստ մամուլի՝ բավականին կասկածելի ցածր գնով:

«Բյուրեղ» թաղամասում բնակարաններ են գնել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մյուս ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հողամաս և ավտոտնակ է ձեռք բերել Կենտրոնում 2020 թվականին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ 2019 թվականին:

Պատերազմից հետո ԿԳՄՍ փոխնախարար դարձած Կարեն Գիլոյանը բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում 2022-ին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հայտարարագրերում ևս նշված է բնակարաններ՝ Երևանի կենտրոնում:

Դե իհարկե, չմոռանանք նաև ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ում հայտարարագրում նշված են բազմթիվ անշարժ գույքեր՝ բնակարաններ, բիզնես կենտրոններ, հողամասեր Երևանի կենտրոնում:

Մի շարք պատգամավորների եկամուտների հայտարարագրում փակ է տեղեկատվությունը, որպեսզի պարզենք իրենց համար է՞լ է Երևանը սկսում Կենտրոնից։ Նշենք, որ մենք ուսումնասիրել ենք ընդամենը ՔՊ-ական փոքր կազմի հայտարարագրերը։ Լայն ուսումնասիրության դեպքում կարող է այս ցանկը մեծանալ։

Ուշագրավ է, որ, սոցիալական վիճակը կտրուկ բարելաված ՔՊ-ականները բնակարաններ ձեռք չեն բերել, օրինակ՝ Չարբախում, Նուբարաշենում, ինչը Փաշինյանը գովազդում էր հանրահավաքի ժամանակ։

Չմոռանանք նաև, որ մշտապես «ես ձեզնից մեկն եմ» կրկնող Փաշինյանը իշխանափոխությունից անմիջապես հետո տեղափոխվեց Երևանի կենտրոն՝ կառավարական առանձնատուն ապրելու: Իսկ 3-րդ մասի բնակարանն էլ չի կարողանում վաճառել, որ նորը գնի, հավանաբար՝ էլի կենտրոնում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ