11 09 2023

Ռուսական կողմի ներկայացրած տարբերակը եղածներից ամենակոմպրոմիսայինն է. Աբրահամյան



«Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ Ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսակական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի  բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, տեղեկացվել է ռուսական կողմին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝  խոսելով ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու տարբերակի և Ադրբեջանի կողմից այն ձախողելու մասին:

 Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն. սա եղել  է ռուսական առաջարկը: Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

Մանրամասն՝ տեսանյութում: 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ