ՀՀ-ում «Անցանկալի անձ» ճանաչված Արենի Մարկոսյանը Alpha News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր գործունեության մասին:
28-ամյա երիտասարդ աղջիկը ծնվել, մեծացել և այժմ բնակվում է Վաշինգտոնում: Ծնողները Լիբանանից են: Արենին Դաշնակցության երիտասարդական միության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ է: Հատկապես վերջին երեք տարում սփյուռքահայ երիտասարդը ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանատների մոտ կազմակերպված ոչ մի բողոքի ակցիա բաց չի թողել. իր վրոդվմունքի ձայնն է բարձրացրել Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականության դեմ:
«Կյանքում մտքովս չէր անցնի, որ մի օր հայրենիք չէի կարողանա գալ: Երկու անգամ եմ եղել Հայաստանում: Սա երրորդ այցս պետք է լիներ: Գալիս էի, որ այնուհետև Թուրքիա գնայի ու Արարատը բարձրանայի: Դա իմ երազանքն է: Եթե Փաշինյանը դիմացս լիներ, ապա նրան կասեի՝ Փաշինյա՛ն, պամության մեջ դավաճանների կյանքը միշտ կարճ է եղել, իսկ հայրենիքը հավիտյան է»,- ասել է Արենին:
Արենիին այդպես էլ բացատրություն չեն տվել, թե ինչու չի կարող մուտք գործել Հայաստան, սակայն ենթադրում է, որ պատճառն այն է, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության դեմ կազմակեպված հանրահավաքներին, սուր խոսքով անգլերեն հացազրույցներ է տվել The Armenian Weekly պարբերականին, որը կարդում են նաև ամերիկացի դիվանագետները: Պատմում է` թեև, ցավոք, դեռևս Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել, բայց Արցախի հանդեպ սիրով է մեծացել:
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախի հետ ցավալի է: Առանց Արցախի Հայաստան չկա: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է մեր կառավարությունը այսքանը չհասկանալ: Մինչև մեր վերջին շունչը պետք է պայքարենք Արցախի համար և թույլ չտանք, որ այս կառավարությունը հեշտացնի Ադրբեջանի գործը»,- ընդգծել է Արենի Մարկոսյանը:
Երիտասարդ սփյուռքահայը շեշտել է՝Հայաստանը հային է պատկանում և ոչ թուրքերին, ադրբեջանցիներին ու հայ դավաճաններին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանից Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանի մուտքն արգելվել է: Արենի Մարկոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում 6-րդ սփյուռքահայն է, որի մուտքը Հայաստան արգելվել է: Այս տարվա հուլիսի 20-ին էլ Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանի մուտքն էր արգելվել Հայաստան: Նույն սցենարով նրան որևէ բացատրություն կամ հիմնավորում չէր ներկայացվել:
Ասլան Ասլանյանը Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ արձակուրդն անցկացնելու համար: Հավելենք նաև, որ 2022 թվականի հուլիսի 13-ին ֆրանսահայ հասարակական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF France) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել ՀՀ՝ նույն սցենարով: Այնուհետև Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Սյունե եւ Մասիս Աբրահամյաններն էին ճանաչվել անցանկալի անձ Հայաստանի համար: Հայրն ու դուստրը պատրաստվում էին Սյունիքում մասնակցել ՀՅԴ ARF Youth Office-ի նախաձեռնած կամավորական ճամբարներին: 2023-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքն է արգելվել Հայաստան: Նժդեհը համոզմունք էր հայտնել, որ իրենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ է՛լ ավելի են մեծացրել ճնշումը, եւ հավանական էր համարել, որ Ադրբեջանի դեսպանատան վրա գործադրված այդ ճնշումները դուր չեն եկել ՀՀ իշխանությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը