28 05 2023

1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշել է. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ  լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն  աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։

Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։

Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասել է․ «Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք  պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել  հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով  կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում  կատարվել է նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ