Արցախի Ազգային ժողովը երեկ հայտարարություն էր տարածել հերթական անգամ նշելով, որ Փաշինյանի տեսակետ իրենց համար անընդունելի է և նշել էր, որ Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններն անընդունելի են։
Այսօր, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում Փաշինյանին հարցրեցին, թե որն է իր մեկնաբանությունը Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարության վերաբերյալ։
«Իմ ելույթն ինչի մասին էր, ձեզ էլ, մեզ էլ , բոլորիս էլ խնդրում եմ և ակնկալում եմ հետևյալը․ մենք պետք է հարցը հասկանանք, եթե մենք հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, մենք ընդընդհատ սխալներ ենք գործում։ Իմ ասածը դրա մեջ է, ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերում, բայց իմ ասածն ուրիշ բան է»,-ասաց Փաշինյանը։
Հարցին, թե այսինքն, սխա՞լ են հասկացել, Փաշինյանն ասաց․
«Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով, մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Ինչ հակափաստարկներ կան փաստարկների դաշտում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, ես ասում եմ՝ եկեք գնահատակները մի պահ դնենք մի կողմ, այն ինչ ասում եք՝ գնահատականների մեջ ոչ մի նոր բան չկա․ սկսած, որ դավաճանություն է, կամ դավաճանություն չէ, դա հասկացանք, եկեք խորանանք բովանդակության մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը