06 04 2023

Հայաստան՝ սեփական անվտանգության ապահովման դիմաց․ Նիկոլ Փաշինյանի բանաձևը. Անդրանիկ Թեւանյան

Հայաստան՝ սեփական անվտանգության ապահովման դիմաց․ Նիկոլ Փաշինյանի բանաձևը. Անդրանիկ Թեւանյան

Արևմուտքը Փաշինյանին անձնական անվտանգության երաշխիքներ տալու դիմաց ստացել է հակառուսական քաղաքականություն վարելու խոստում։ Փաշինյանն այդ խոստումը հետևողականորեն կատարում է։  Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Եվ դա այն դեպքում, երբ ռուս խաղաղապահներն են Արցախում ու հայ–թուրքական սահմանը պահվում է ռուսական զորքի միջոցով, այն դեպքում, երբ մեր անվտանգության միակ ու այլընտրանք չունեցող հովանոցը հայ–ռուսական ռազմաքաղաքական դաշինքն է ու ՀԱՊԿ–ը։

Նիկոլ Փաշինյանը մերժում է ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցությունը, մերժում է ՀԱՊԿ հայտարարությունը, մերժում է ՀԱՊԿ զորավարժությունը ՀՀ–ում, մերժում է ՀԱՊԿ դիտորդներին։

Նիկոլ Փաշինյանը մերժում է ՀԱՊԿ–ին ու Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության փուլում մասնակցում է ԱՄՆ–ի գլխավորած «Defender 23» զորավարժություններին, որի գլխավոր մեսիջն ընդդեմ Ռուսաստանի է։

Սա այն վառ օրինակներից է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական անվտանգության ապահովման՝ Հայաստանը դարձնում աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ ու զոհաբերում այն։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Ադրբեջանն առաջ գալիս ու լկտիանում։ Մեր թշնամին պարզապես օգտվում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերից ու ստեղծված իրավիճակից։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր արածների ու անելիքների համար Միխայիլ Սահակաշվիլու օրն է ընկնելու, այսինքն՝ դատվելու է։ Ինքը գիտի, որ Մոսկվան իրեն անձնական անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Դրա համար էլ նա այդ երաշխիքները փնտրել ու գտել է Արևմուտքում, որը Փաշինյանին խոստացել է Տիխանովսկայայի ճակատագիրը, այսինքն՝ ապաստան որևէ արևմտյան երկրում։

Արևմուտքը Փաշինյանին անձնական անվտանգության երաշխիքներ տալու դիմաց ստացել է հակառուսական քաղաքականություն վարելու խոստում։ Փաշինյանն այդ խոստումը հետևողականորեն կատարում է։

Փաշինյանի հակառուսական քաղաքականության գինը լինելու է Հայաստանը։ Արևմուտքը մեր դեմ բան չունի, բայց ուզում է այս տարածաշրջանից վտարել ՌԴ–ին, իսկ դա առանց Հայաստանի վերացման հնարավոր չէ։

Պարզ է, որ մեր տարածաշրջանում ռուսական գործոնի վերացումից հետո վակումն անմիջապես լցվելու է թուրք–ադրբեջանական տանդեմով և Հայաստանը դրա արդյունքում վերանալու է աշխարհի քարտեզի վրայից, բայց դե դա արդեն հայերիս մտահոգության հարցը պետք է դառնա, այլ ոչ թե դրսի ուժերի։ Դրսի ուժերն իրենց շահերն են հետապնդում։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն և շահեր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ