15 03 2023

Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը․ 7or.am

Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը․ 7or.am

7or.am-ը գրում է․ Որպես ի՞նչ կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ հիմնական թեզերով է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու հայության գլխին դասավորած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, առնվազն հեռանալու կամ պատիվ ունենալու դեպքում՝ ինքնասպան լինելու փոխարեն, 2021-ին մտել ընտրապայքարի մեջ ու, ըստ պաշտոնական տվյալների՝ վերընտրվել: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում շեշտել է, որ պայքարելու է հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա խնդրի կարգավորման և բերելու է «ապագա», կոնկրետ՝ խաղաղություն: Երկար ժամանակ էլ, ասենք, մինչև օրս, նա ու իր մանկլավիկները ծամծմում են «խաղաղության օրակարգ» բառակապակցությունը:

Համենայն դեպս, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գտնվել է ավելի քան 680 հազար անձ, որ երկրի գլխին բերված կատաստրոֆայից հետո էլ, հալած յուղի տեղ է ընդունել Նիկոլ Փաշինյանի խոստումները, ներառյալ՝ Արցախի ինքնորոշման պահով ու խաղաղության վերաբերյալ վերը հիշեցված ծրագրային կետերը: Լավ չէ, իհարկե, որ այդքան դյուրահավատ է գտնվել, բայց ընդունենք, որ նման բան է եղել:

Շուտով կլրանա երկու տարին, ինչ հիշատակված թեզերով ընտրված Նիկոլ Փաշինյանը, առոք-փառոք, ապահով ու անձնապես հազարավոր ոստիկանականների պահպանության ներքո, շարունակում է վայելել կյանքն ու վարչապետություն անել, ցուցադրաբար «պեռաշկի» ուտելով ու «կուկուռուզ» կրծելով էլ ծաղրել հանրությանը: Բայց դա առժամանակ դեռ մի կողմ դնենք:

Նրա ասուլիսը իրականում միայն մեկ բանի մասին պետք է լիներ. իշխանությունը թողնելու, հրաժարական տալու, հեռանալու: Հետևյալ շատ պարզ հիմնավորմամբ. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Վերջին նման «ընդունումը» տեղի է ունեցել Պրահայում, Ալիևի հետ հանդիպմանը: Այսօր, մեծ հաշվով, վերահաստատեց դա: Այսինքն, խաբել է ի՛ր ընտրողներին և արել է մի բան, ինչը իր նախընտրական ծրագրում ամրագրված ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու խոստման ճիշտ հակառակն է:

Երկրորդ, ոչ այլ ոք, այլ հենց ի՛նքը ևս մեկ անգամ խոստովանեց, որ իր իսկ տարփողած «խաղաղության օրակարգը» ճռնչյունով տապալվել է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության էլ պատրաստ չէ, որ ռազմական էսկալացիայի սպառնալիքը միանգամայն իրական է: Էլ ինչպես իրական չլիներ, եթե Հայաստանում պետության ղեկին «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտով շրջող Նիկոլ Փաշինյանն է:

Այդ «ինքնախոստովանական» հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վերջակետը պետք է լիներ հեռանալու մասին հայտարարությունը: Որովհետև ինքը խաբե՛լ է: Առնվազն 680 հազար հոգու:

Նա, իհարկե, ինչ-որ բաներ թոթովեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, բայց բոլորն էլ տեսնում են, թե որքանով է կոռումպացված նրա գլխավորած իշխանությունը, նրա ներկայացրած «թիմը», ինչ դղյակներ ու ապարանքներ են ձեռք բերում, ինչպիսի սխեմաներով, ինչ չարաշահումների մեջ են թաթախվում:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, խաբելուց բացի, նաև ինչ-որ տեղ «խաբվել» է: Այն իմաստով, որ նա կարծել է, թե՝ «դե Ղարաբաղը կտա ու դրանով կպրծնի», իրեն էլ հանգիստ կթողնեն ու կթողնեն, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա, խալխին էշի տեղ դնելով, վայելի վարչապետի պաշտոնն ու կյանքը: Բայց տեսեք, որ նրան իր սիրելի «կիրթ» գործընկերները հանգիստ չեն տալիս:

Լավ, ո՞ւմ է պետք նման, կներեք արտահայտության համար՝ «ղեկավարը»: Եվ ի՞նչ անել, եթե նա կամովին չի հեռանում: Պետք է, ուրեմն կտրուկ ակտիվացնել պայքարը և հասնել Փաշինյանի ու նրա աղետաբեր «թիմի» հեռացմանը: Հայաստանը այս մահվան ծուղակից ելնելու ուրիշ տարբերակ չունի: «Ուրիշ տարբերակը» ստույգ կործանումն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ