«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին:
Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ալիեւյան քարոզչամեքենան այնքան է շտապել, որ խճճվել է իր իսկ ստերի սարդոստայնում՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանից Արցախ եկող ռազմական բեռն ու անձնակազմը տեղափոխվում են «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) գրունտային ճանապարհով»:
Բանն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտների թիրախում հայտնված հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան հենց Ստեփանակերտից էր մեկնում դեպի Շուշիի շրջան (այսինքն՝ Արցախ-ՀՀ եւ ոչ թե ՀՀ-Արցախ ուղղությամբ), հետեւաբար անհնար էր դրանով ռազմական բեռի ու անձնակազմի տեղափոխումը Հայաստանից Արցախ: Ավելին՝ ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ-ն, «Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել եւ չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում»: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ստեփանակերտից Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր (Բերդաձորի ենթաշրջան) մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը:
Համադրելով տեսանյութը տեղանքի քարտեզի հետ՝ «Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանցիների հանցագործությունը: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի եւ Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արեւմուտք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը