07 02 2023

Գուրգեն Արսենյանի ծառայությունները բարձր գնահատվեցին. որդին պատժից ազատվեց

Գուրգեն Արսենյանի ծառայությունները բարձր գնահատվեցին. որդին պատժից ազատվեց

Քննչական կոմիտեն կարճել է ՔՊ-ական պատգամավոր, վերջերս ընդդիմության դեմ ակտիվ հանդես եկող Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Ինչպես հայտնեցին Panorama.am-ին ՔԿ-ից, որոշումը կայացվել է այսօր։

«Ստացվել են քրեագիտական  փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն  նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը և կացնիկները սառը զենք չեն։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճվել է»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, Արսենյանի հայտնի ելույթին սոցցանցում հետևեցին ենթադրություններ, որ նման հայտարարությունների գինը լինելու է պատգամավորի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ