22 01 2023

Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան

Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա` ավելի վատին են նշանակելու:

Հարցի արժեքը ո´չ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելին մեծ է` պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:

 

Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:

Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:

Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված Ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:

Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:

Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:

Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար: Այլապես, ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ